Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությամբ հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի։ Նպատակը ազգային ինքնության գլխավոր հենասյուներից մեկի պաշտպանությունն է։ Հայերենի սահմանադրական պաշտպանության ամրապնդումը հասկանալի և խիստ անհրաժեշտ նախաձեռնություն է։ Սակայն հայերենի իրավական կարգավիճակի ամրապնդումը պահանջում է ավելին, քան մեկ հոդվածի անփոփոխելիությունը։ Լեզվի պահպանման և զարգացման իրական երաշխիքը պետական հետևողական քաղաքականությունն է՝ գիտության ու կրթության մեջ հայերենի լիարժեք կիրառմամբ, արևելահայերենի և արևմտահայերենի նկատմամբ հավասար հոգածությամբ ու դրանց ապագայի համար հստակ պատասխանատվությամբ։ Հայաստանի Սահմանադրությունն արդեն ամրագրում է հայերենը որպես պետական լեզու։ Մինչդեռ հայալեզու գիտությունը պետական գիտական քաղաքականության մեջ հայտնվել է անբարենպաստ վիճակում։ Գիտաշխատողների ատեստավորման չափանիշներում առաջնահերթությունը տրված է միջազգային շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին։ Հայերենով տպագրվող բազմաթիվ գիտական աշխատություններ դուրս են մնում այդ հաշվարկից։ Գործող գնահատման համակարգում հայերեն գիտական հրապարակումները հաճախ չեն ստանում իրենց գիտական արժեքին համապատասխան ճանաչում։ Արդյունքում խաթարվում են հայերենով հետազոտություններ կատարելու և գիտական միտքը զարգացնելու խրախուսման պայմանները՝ աստիճանաբար թուլացնելով հայերենի դիրքերը նույնիսկ Հայաստանի գիտական միջավայրում։ Հայաստանի գիտության զարգացումը պահանջում է լիարժեք մասնակցություն միջազգային գիտական կյանքին և համաշխարհային հետազոտական ձեռքբերումների յուրացում։ Սակայն նույնքան կարևոր է հայերենով գիտելիքի ստեղծումն ու տարածումը, սեփական գիտական դպրոցների զարգացումը և հայերենի՝ որպես ժամանակակից գիտության լեզվի ամրապնդումը։ Հայերեն գիտական բառապաշարի հարստացումը, ազգային գիտական դպրոցների զարգացումն ու մասնագիտական գրականության ստեղծումը Հայաստանի մտավոր ինքնուրույնության կարևոր հիմքերն են։ Լեզվի սահմանադրական կարգավիճակի ամրապնդումը իրական արժեք կունենա, եթե պետությունը հետևողականորեն աջակցի հայերեն գիտությանը, ապահովի նրա զարգացումը կրթական համակարգում և ստեղծի անհրաժեշտ պայմաններ գիտական ու տեխնոլոգիական առաջընթացին լիարժեք մասնակցելու համար։ Սակայն առավել կարևոր է արևմտահայերենի ճակատագիրը։ 1915 թվականի ցեղասպանությունը ոչնչացրեց արևմտահայության պատմական բնակավայրերի մեծ մասի հայկական հասարակական ու մշակութային միջավայրը։ Արևմտահայերենը կորցրեց իր բնական տարածքային հենարանի զգալի մասը։ Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և հայկական մյուս մշակութային կենտրոնների գրական ու մտավոր ժառանգությունը շարունակվեց Բեյրութում, Հալեպում, Փարիզում, Բոստոնում և սփյուռքյան բազմաթիվ համայնքներում։ Լեզուն պահպանվեց դպրոցների, մամուլի, եկեղեցական և մշակութային հաստատությունների շնորհիվ։ Արևմտահայերենի պահպանման և սերունդներին փոխանցման պատմական պատասխանատվությունը տասնամյակներ շարունակ ստանձնեցին սփյուռքի հայկական համայնքները՝ սեփական միջոցներով պահպանելով դպրոցները, մամուլն ու մշակութային հաստատությունները։ 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենն ընդգրկեց վտանգված լեզուների ատլասում՝ միջազգային մակարդակով ահազանգելով նրա պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման առջև ծառացած լուրջ վտանգների մասին։ Սերնդափոխությունը, արտագաղթը, Մերձավոր Արևելքի հայկական համայնքների թուլացումը և ընդունող երկրների լեզվական միջավայրի ազդեցությունը շարունակում են դժվարացնել նրա փոխանցումը հաջորդ սերունդներին։ Այս խնդիրը Հայաստանի արտաքին մշակութային քաղաքականության և համահայկական կապերի զարգացման համար ունի ռազմավարական նշանակություն։ Այստեղ է առաջ գալիս արևմտահայերենին արևելահայերենին համահավասար պետական իրավական կարգավիճակ տալու առաջարկը։ Այն հիմնված է պատմական արդարության և համազգային մշակութային ժառանգության միասնական պատասխանատվության գաղափարի վրա։ Արևելահայերենն ու արևմտահայերենը նույն լեզվի երկու գրական տարբերակներն են։ Հետևաբար քննարկման առարկա կարող է դառնալ դրանց հավասար իրավազորության սահմանադրական ամրագրումը՝ հայերենը պահպանելով որպես Հայաստանի միակ պետական լեզու։ Այս հարցը զգալիորեն ընդլայնում է նոր Սահմանադրության շուրջ քննարկումների շրջանակը։ Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում լեզուն կարող է դառնալ պետական քաղաքականության գործուն ուղղություն՝ կրթական, գիտական, մշակութային և թվային միասնական ծրագրերով։ Արևմտահայերենով ուսուցումը, պետական ֆինանսավորմամբ հրատարակությունները, թվային բառարանները, արհեստական բանականության լեզվական համակարգերը և համատեղ հետազոտական ծրագրերը կարող են ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։ Այդ հնարավորություններն ունեն նաև տնտեսական նշանակություն։ Լեզվական միասնական ենթակառուցվածքը կարող է նպաստել հայկական կրթական բովանդակության միջազգային տարածմանը, հրատարակչական շուկայի զարգացմանը, սփյուռքյան մասնագիտական ներուժի ներգրավմանը և Հայաստանի գիտակրթական հաստատությունների միջազգային համագործակցությանը։ Ազգային լեզվի զարգացումը ժամանակակից աշխարհում կապված է նաև տեխնոլոգիական մրցունակության հետ։ Իհարկե, հավասար իրավազորությունն առաջացնում է գործնական լուրջ հարցեր։ Անհրաժեշտ կլինի հստակեցնել պաշտոնական գործավարության, փաստաթղթերի, կրթական չափորոշիչների և պաշտոնական տեքստերի լեզվական կանոնները։ Դրա ֆինանսական և վարչական հետևանքները նույնպես պահանջում են գնահատում։ Սփյուռքի լեզվական բազմազանությունն իր հերթին ենթադրում է քաղաքականության ճկունություն։ Սփյուռքի լեզվական պատկերը բազմազան է. հայկական համայնքներում տարածված են արևմտահայերենն ու արևելահայերենը, իսկ բազմաթիվ ընտանիքներում գերակշռում են բնակության երկրների լեզուները։ Այս իրողությունը պահանջում է պետական հստակ և երկարաժամկետ քաղաքականություն՝ արևմտահայերենի պաշտոնական ճանաչմամբ, նրա կիրառման իրավական երաշխիքների ամրապնդմամբ և կրթության, մշակույթի ու հանրային կյանքի տարբեր ոլորտներում զարգացման իրական հնարավորությունների ստեղծմամբ։ Հայաստանի նոր Սահմանադրության շուրջ ընթացող քննարկումները հիմնականում կենտրոնացած է խաղաղության, անվտանգության, սահմանների և ինքնիշխանության հարցերի վրա։ Ազգային ինքնության մշակութային հիմքերը նույնպես արժանի են նույնքան լուրջ քննարկման։ Հատկապես արևմտահայերենի պարագայում Հայաստանը պատմական պատասխանատվություն ունի մի ժառանգության հանդեպ, որի բնական զարգացման աշխարհագրությունը խաթարվել է ցեղասպանության հետևանքով։ Հայերենի՝ որպես պետական լեզվի դերի ամրապնդումն իրական նշանակություն կունենա պետական հետևողական քաղաքականության շնորհիվ։ Հայերեն գիտության զարգացումը, նրա արժանի գնահատումը և արևմտահայերենի պահպանման ու տարածման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը պետք է դառնան պետական առաջնահերթություններ։ Հենց այս հարցերի լուծմամբ էլ հնարավոր կլինի գնահատել ազգային ինքնության պաշտպանության վերաբերյալ սահմանադրական դրույթների գործնական արժեքը։ Հայաստանի Հանրապետության առջև կանգնած հարցը խորապես պատմական է. ինչպե՞ս պահպանել հայ ժողովրդի լեզվական ամբողջ ժառանգությունը՝ պետականության հնարավորությունները ծառայեցնելով նրա երկու գրական ճյուղերի զարգացմանը։ Նոր Սահմանադրության քննարկումը հնարավորություն է այս հարցին վերջապես տալու պետական պատասխան։



