Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության նոր տեսանյութը կրկին օրակարգ է բերում Հայաստանի ինքնիշխանության և օտարերկրյա ռազմական ներկայության հետ կապված հիմնարար խնդիրը։ Խնդրի հիմքում Հայաստանի տարածքում ռուսաստանցի զինվորականների գործունեության նկատմամբ պետության վերահսկողության արդյունավետությունն է, հայկական օրենսդրության լիարժեք կիրառումը և հնարավոր հանցագործությունների անաչառ քննության ու մեղավորների պատասխանատվության ապահովումը։ Ռազմակայանի դիմակավորված զինվորականները ծեծում և նվաստացնում են մի երիտասարդի։ Տեսանյութը փոխանցվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմել է Գլխավոր դատախազություն։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձերբակալվածներ առայժմ չկան։ Ռուսական ռազմաբազան լռում է։ Դեպքի առանցքային հանգամանքները դեռ անհայտ են։ Պարզված չէ բռնության վայրը, զինվորականների ինքնությունը, երիտասարդի կարգավիճակը և նրա նկատմամբ ուժ կիրառելու պատճառը։ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ տուժողը նույնպես ազգությամբ ռուս է։ Տեսանյութում հնչում է Դանիլո ազգանունը։ Հայաստանի տարածքում ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ ծանր հանցագործությունների քննությունը տարբեր տարիներին բախվել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության հետ կապված լուրջ խոչընդոտների։ Զինծառայողներին քննչական մարմիններին և դատարանին ներկայացնելու հարցում ռուսական կողմի համագործակցությունից կախվածությունը խոչընդոտել է հայկական արդարադատության բնականոն ընթացքը։ Նման իրավիճակը խաթարում է Հայաստանի իրավապահ և դատական մարմինների ինքնուրույնությունը, թուլացնում պետության իրավազորությունը սեփական տարածքում և վտանգավոր նախադեպ ստեղծում օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի համար։ 1997 թվականի հայ-ռուսական համաձայնագրի չորրորդ հոդվածը, նախատեսված բացառություններով, Հայաստանի իրավասու մարմիններին է վերապահում ռուսական ռազմաբազայի զինծառայողների՝ Հայաստանի տարածքում կատարած հանցագործությունների քննությունը։ Ռազմաբազայի տեղակայումը չի փոխում այդ տարածքի պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը։ Ռուսական ռազմական հրամանատարությունը պարտավոր է հարգել ՀՀ իրավապահ և դատական մարմինների լիազորությունները և ապահովել նրանց հետ պատշաճ համագործակցությունը։ Օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը չի կարող խաթարել Հայաստանի իրավազորությունը սեփական տարածքում կամ խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Նոր միջադեպի քննության համար առաջնային նշանակություն ունի բռնության ճշգրիտ վայրի, մասնակիցների ինքնության, տուժողի կարգավիճակի և կատարվածի հանգամանքների պարզումը։ Այս տվյալներն անհրաժեշտ են հայ-ռուսական համաձայնագրերով սահմանված իրավազորությունը որոշելու և համապատասխան քննչական ընթացակարգերը կիրառելու համար։ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել դեպքի լիարժեք և անաչառ քննությունը՝ ռուսական հրամանատարությունից պահանջելով անհրաժեշտ համագործակցություն։ Իրավազորության շուրջ հնարավոր տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն հանցագործության բացահայտմանը և մեղավորների պատասխանատվությանը։ Գլխավոր դատախազությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների բացահայտումը, տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացումը և պարզաբանել ռուսական հրամանատարության համագործակցությունը հայկական իրավապահ մարմինների հետ։ Գյումրու նոր միջադեպը Հայաստանի իշխանությունների համար լուրջ քաղաքական և իրավական քննություն է։ Ռուսական ռազմաբազայի գործունեության նկատմամբ վերահսկողությունը, հանցագործությունների անաչառ քննությունը և մեղավորների պատասխանատվության ապահովումը Հայաստանի ինքնիշխանության անմիջական դրսևորումներն են։ Նախորդ գործերով արձանագրված խնդիրների կրկնությունը խորացնելու է անպատժելիության վերաբերյալ հանրային մտահոգությունները և կասկածի տակ դնելու պետական ինստիտուտների կարողությունը՝ լիարժեք իրականացնելու իրենց լիազորությունները։ Հայաստանի ինքնիշխանության հիմնարար պայմանը երկրի ամբողջ տարածքում Հայաստանի օրենսդրության լիարժեք կիրառումն ու պետական մարմինների լիազորությունների անխոչընդոտ իրականացումն է՝ ազգային օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայությունը չի կարող խոչընդոտել հայկական իրավապահ մարմինների օրինական լիազորությունների իրականացմանը, հանցագործությունների բացահայտմանը և մեղավորների պատասխանատվության ապահովմանը։ Հայաստանի պետական ինստիտուտները պարտավոր են հետևողականորեն պաշտպանել այդ սկզբունքը՝ բացառելով օտարերկրյա ռազմական հրամանատարության միջամտությունն արդարադատության ընթացքին։ Ռազմաբազայի փակ դարպասները չեն կարող խոչընդոտ դառնալ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրառման համար։



