Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին համայնքների ղեկավարներին անվանել է քաղաքականության հերոսներ՝ նշելով, որ նրանք շաբաթը յոթ օր աշխատում են քաղաքացիների խնդիրները լուծելու համար։ «Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներ։ Չկա ավելի լավ բնորոշում այն մարդկանց համար, ովքեր օր ու գիշեր ծառայում են ուրիշներին և չեն նահանջում նույնիսկ ամենաբարդ խնդիրների առաջ»,- ասել է Մելոնին։ Մելոնիի խոսքով՝ կառավարության հիմնական նպատակներից մեկը Հարավային Իտալիայի տնտեսական ներուժի բացահայտումն ու զարգացումն է։ «Մենք վերջակետ ենք դրել նպաստներից կախվածության քաղաքականությանը։ Մեր նպատակն է այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում կախված մնալ պետական աջակցությունից, հնարավորություն տալ ինքնադրսևորվելու աշխատանքի և կրթության միջոցով»,- նշել է վարչապետը։ Նրա ներկայացմամբ՝ վերջին տարիներին Հարավային Իտալիան տնտեսական աճի ցուցանիշներով գերազանցել է երկրի մյուս հատվածներին, իսկ զբաղվածությունը պատմական ռեկորդ է գրանցել՝ առաջին անգամ անցնելով 50 տոկոսի շեմը։ Մելոնին անդրադարձել է նաև երկրի հյուսիսի և հարավի միջև առկա տարբերություններին՝ ընդգծելով ազգային համախմբվածության կարևորությունը։ Նրա խոսքով՝ կառավարության առաքելությունն է զարգացնել բոլոր տարածքները՝ նվազեցնելով պատմական անհավասարությունները և օգտագործելով յուրաքանչյուր շրջանի ներուժը։ «Իտալիան չի կարելի կառավարել՝ հակադրվելով մարզերին, և չի կարելի կառավարել առանց մարզերի։ Երկիրը պետք է կառավարել մարզերի հետ միասին»,- ընդգծել է վարչապետը։



