Նոյեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության Գյումրու նոր գրասենյակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն, կտրելով խորհրդանշական ժապավենը, ազդարարել են գրասենյակի բացումը։ Ռեջիս Բուշյեն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները, ինչպես նաև տվյալների անվտանգությունն ապահովող լուծումները։ Ներկաները շրջել են գրասենյակում, ծանոթացել կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերին, զրուցել աշխատակիցների հետ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նորաբաց գրասենյակն արդեն ընդունել է առաջին այցելուներին։ Նոյեմբերի 2-ին հանրապետության մարզերում գործարկվել է «ՀայՓասի» ընդհանուր առմամբ 12 գրասենյակ՝ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայություններն ավելի հասանելի դարձնելով քաղաքացիների համար։ Նոր սպասարկման մշակույթի հիմքում տվյալների ճշգրտությունն ու պաշտպանվածությունն են, հստակ և պարզեցված ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացու հարմարավետությունը՝ որպես առաջնահերթություն։



