Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՊՀ երկրների միջև դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում տեղեկությունների փոխանակման համաձայնագրի վավերացման մասին օրենքը։ Փաստաթուղթը նախատեսում է պարտապանների բանկային հաշիվների, եկամուտների, աշխատանքի վայրի, անշարժ գույքի և այլ ակտիվների վերաբերյալ տվյալների փոխանակում։ Ռուսական լրատվամիջոցները զանգվածաբար հաղորդել են, որ համաձայնագիրը ստորագրել է նաև Հայաստանը՝ առանց վերապահումների։ Տեղեկությունը տարածվել է նաև անկախ լրատվամիջոցներով։ Մինչդեռ հրապարակված պաշտոնական փաստաթղթում Հայաստանի ստորագրությունը բացակայում է։ Այն ստորագրել են Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Փաստը ստուգելու համար բավական էր բացել համաձայնագրի տեքստը և ուսումնասիրել ստորագրությունների ցանկը։ Հայաստանի անվան դիմաց դատարկ տող է։ Սակայն այդ դատարկ տողը ռուսական տեղեկատվական տարածքում արդեն ստացել էր քաղաքական և իրավական նշանակություն։ Ընդամենը մեկ սխալ տեղեկությամբ ստեղծվել էր տպավորություն, որ Երևանը համաձայնել է իր տարածքում բնակվող ռուսաստանցիների ֆինանսական տվյալները փոխանցելու նոր մեխանիզմին։ Սա հատկապես զգայուն հարց է 2022 թվականից հետո Հայաստանում հաստատված ռուսաստանցիների համար։ Նրանց թվում կան պատերազմի, քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների պատճառով Ռուսաստանից հեռացած մարդիկ։ Շատերը Հայաստանում բիզնես են հիմնել, աշխատանք գտել, բանկային հաշիվներ բացել։ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից նրանց ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հեռանկարը կարող է լուրջ անհանգստություն առաջացնել։ Այդ մարդկանց համար նման լուրը վերաբերում է սեփական անվտանգությանը, աշխատանքի ազատությանը և ապագան ծրագրելու հնարավորությանը։ Առավել մտահոգիչ է այս ապատեղեկատվության տարածմանը ռուսական անկախ լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Դոժդ»-ի մասնակցությունը։ Տարիներ շարունակ պետական քարոզչությանը հակադրվող և լրագրողական բարձր չափանիշների հավակնող այս խմբագրությունները վստահություն են վայելում նաև Ռուսաստանից քաղաքական հետապնդումների պատճառով հեռացած մարդկանց շրջանում։ Նրանց համար նման հրապարակումները կարող են ազդել սեփական անվտանգության և ապագայի վերաբերյալ որոշումների վրա։ Հետևաբար, այս կարգի սխալը սովորական լրագրողական վրիպում համարելը դժվար է։ Այն հարվածում է անկախ մամուլի նկատմամբ վստահությանը և կասկածի տակ դնում այն մասնագիտական պատասխանատվությունը, որով այդ լրատվամիջոցները հիմնավորում են իրենց հեղինակությունը։ Հեղինակավոր լրատվամիջոցի առաջին պարտականությունը փաստի հավաստիությունը ստուգելն է։ Երբ խմբագրությունն առանց սկզբնաղբյուրին ծանոթանալու տարածում է ուրիշի սխալը, սեփական հեղինակությամբ նպաստում է դրա տարածմանը։ Ընթերցողն այդ տեղեկությունն ընդունում է վստահությամբ՝ հաճախ չկասկածելով, որ դրա հիմքում ընդամենը մեկ չստուգված հրապարակում է։ Այսպես մեկ խմբագրության անփութությունը դառնում է հանրային ապատեղեկատվության շղթա, իսկ տարիներով վաստակած վստահությունը՝ սխալ տեղեկության տարածման միջոց։ Այս միջադեպը բացահայտում է հետխորհրդային տեղեկատվական տարածքում պահպանված մտածողության մի վտանգավոր առանձնահատկություն։ Խորհրդային Միության փլուզումից երեսունհինգ տարի անց Մոսկվայի որոշումները ռուսական մամուլում հաճախ շարունակում են ներկայացվել որպես ամբողջ նախկին խորհրդային տարածքին վերաբերող իրողություններ։ Հայաստանի ինքնուրույն իրավական դիրքորոշումը մղվում է երկրորդ պլան, իսկ ռուսական աղբյուրների փոխանցած տեղեկությունը տարածվում է առանց Երևանի որոշումները ստուգելու։ Այսպիսի մոտեցումը հանրային ընկալման մեջ աղավաղում է Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության կարգավիճակը։ Խնդիրը խորացնում է ժամանակակից տեղեկատվական միջավայրը։ Մեկ չստուգված հրապարակումը ժամերի ընթացքում տարածվում է տասնյակ լրատվամիջոցներով ու սոցիալական հարթակներով՝ յուրաքանչյուր կրկնությամբ ավելի համոզիչ թվալով։ Հետագայում հրապարակված հերքումը սովորաբար չի հասնում նույնքան մարդկանց։ Արդյունքում սխալ տեղեկությունը շարունակում է ազդել հանրային կարծիքի վրա նույնիսկ իր հերքումից հետո։ Հայաստանի համար սա նաև քաղաքական ու իրավական նշանակության հարց է։ Միջազգային պարտավորությունները պետությունը ստանձնում է սահմանված ընթացակարգերով, իսկ Ռուսաստանի նախագահի ստորագրությունը Հայաստանի անունից որևէ պարտավորություն չի ստեղծում։ Միաժամանակ տվյալ համաձայնագրին չմիանալը չի բացառում երկու երկրների միջև այլ պայմանագրերով նախատեսված իրավական համագործակցությունը։ Սա պատշաճ ներկայացնելը հատկապես կարևոր է Հայաստանում բնակվող ռուսաստանցիների համար, որոնց անձնական անվտանգության և ֆինանսական տվյալների պաշտպանության վերաբերյալ մտահոգությունները կարող են խորանալ նման հրապարակումներից։ Հայաստանի պատկան մարմինները պետք է ժամանակին և հստակ արձագանքեն երկրի միջազգային պարտավորությունների վերաբերյալ տարածվող սխալ տեղեկություններին։ Իսկ ռուսական անկախ լրատվամիջոցներից առաջին հերթին ակնկալվում է հրապարակային ուղղում և սեփական մասնագիտական պատասխանատվության գիտակցում։ Վստահությունը ձևավորվում է տարիներով, սակայն այն կարող է լրջորեն տուժել նույնիսկ մեկ չստուգված հրապարակումից։ Այս պատմության ամենախոսուն փաստը համաձայնագրում Հայաստանի անվան դիմաց բացակայող ստորագրությունն է։ Այն տեսնելու համար բավական էր բացել պաշտոնական փաստաթուղթը։ Սակայն նույնիսկ անկախության և մասնագիտական բարձր չափանիշների հավակնող խմբագրություններն անտեսել են այս պարզ ստուգումը։ Արդյունքում լրագրողական հեղինակությունը ծառայել է սխալ տեղեկության տարածմանը՝ անհիմն մտահոգություն առաջացնելով հազարավոր մարդկանց շրջանում։ Եվ սա արդեն առանձին լրագրողի վրիպումից ավելի լուրջ խնդիր է. հանրային վստահություն վայելող լրատվամիջոցների անփութությունը կարող է ապատեղեկատվությանը հաղորդել հավաստիության այնպիսի ուժ, որը դժվար է չեզոքացնել նույնիսկ հետագա հերքումներով։



