Եվրամիությունը կարող է չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը՝ երկրի իշխանությունների կողմից ժողովրդավարական սկզբունքներից նահանջի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հունվարին կքննարկեն Վրաստանի նկատմամբ հետագա քայլերը։ Եվրահանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Վրաստանի իշխանությունները չեն փարատել երկրում ժողովրդավարության և հիմնարար իրավունքների վիճակի վերաբերյալ մտահոգությունները։ Հենց այդ հանգամանքներն են հանգեցրել Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, ինչն այժմ վտանգի տակ է դնում նաև ընդհանուր առանց վիզայի ռեժիմը։ Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը փաստացի կանգ է առել, իսկ երկիրը թեկնածուի կարգավիճակ ունի միայն ձևականորեն։



