Ամերիկյան ընտրություններից հետո՝ Հայաստանի հնարավորությունների նոր պատուհանը

Երկու տարի առաջ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը Սպիտակ տուն ներկայացնում էին որպես Հայաստանի համար ծանր քաղաքական հետևանքների անխուսափելի նախանշան։ Այդ կանխատեսումների հիմքում Թրամփի մեկուսացման քաղաքականությունն էր, որը, նրանց գնահատմամբ, սպառնում էր Հայաստանի անվտանգությանը և ամերիկյան աջակցության հեռանկարին։ Այսօր նույն շրջանակները տրամագծորեն հակառակ պնդումն են առաջ քաշում՝ Կոնգրեսում դեմոկրատների հաջողությունը ներկայացնելով որպես Թրամփի նախաձեռնած TRIPP նախագծի ձախողման նախանշան։ Երկու կանխատեսումների հիմքում նույն քաղաքական տրամաբանությունն է։ Ամերիկյան ներքաղաքական զարգացումները մեկնաբանվում են սեփական շահերին հարմար տեսանկյունից՝ անտեսելով Վաշինգտոնի ռազմավարական առաջնահերթությունները, պետական ինստիտուտների դերը և արտաքին քաղաքականության շարունակականությունը։ Այսպես հանրությանը շարունակաբար պարտադրվում է Հայաստանի ապագայի նկատմամբ անվստահություն՝ յուրաքանչյուր քաղաքական փոփոխություն ներկայացնելով որպես նոր սպառնալիք։ Նման դատողություններում բացակայում է ամերիկյան պետական համակարգի, միջազգային հարաբերությունների և աշխարհատնտեսական շահերի տարրական ըմբռնումը։ Որոշ դեպքերում այս մակերեսայնությունը կարող է պայմանավորված լինել քաղաքական անտեղյակությամբ։ Մյուսներում նկատելի է ռուսական շահերին ձեռնտու քարոզչական տրամաբանությունը. Հայաստանի արևմտյան յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ներկայացվի անհեռանկար, ժամանակավոր և ձախողման դատապարտված։ Սակայն համաշխարհային քաղաքականությունն ունի շատ ավելի խորքային տրամաբանություն, քան թույլ են տալիս ենթադրել ընտրությունների արդյունքներից շտապ եզրակացություններ անող մակերեսային գնահատականները։ Մեծ տերությունների արտաքին քաղաքականության հիմքում տասնամյակներով ձևավորված ռազմավարական շահերն են, տնտեսական հաշվարկները, անվտանգության առաջնահերթություններն ու միջազգային պարտավորությունները։ Նախագահների փոփոխությամբ կարող են փոխվել քաղաքական մոտեցումները, առաջնահերթություններն ու որոշումների իրականացման եղանակները, սակայն պետությունների աշխարհագրական դիրքը, առևտրային ուղիների նշանակությունն ու երկարաժամկետ շահերը շարունակում են պայմանավորել նրանց արտաքին քաղաքականությունը։ 1948 թվականին դեմոկրատ նախագահ Հարրի Թրումենը ստորագրեց Եվրոպայի վերականգնման Մարշալի ծրագիրը, որն ընդունել էր հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսը։ Ամերիկայի պատմության խոշորագույն աշխարհաքաղաքական նախաձեռնություններից մեկը կյանքի կոչվեց սուր ներքաղաքական մրցակցության պայմաններում։ Վաշինգտոնում հասկանում էին Եվրոպայի վերականգնման ռազմավարական նշանակությունը։ Այդ որոշումը տասնամյակներով ամրապնդեց ամերիկյան ազդեցությունը Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին։ Այս պատմական օրինակը կարևոր է նաև Հայաստանի համար։ TRIPP-ը, անշուշտ, Մարշալի ծրագիրը չէ, սակայն դրա աշխարհատնտեսական տրամաբանությունը դուրս է Թրամփի անձնական քաղաքական հետաքրքրություններից։ Հարավային Կովկասով հաղորդակցությունների ապաշրջափակումը, Կասպից ծովի և Եվրոպայի միջև կապերի զարգացումը, նոր առևտրային ուղիների ձևավորումը և տարածաշրջանում ամերիկյան քաղաքական ու տնտեսական ներկայությունը Վաշինգտոնի համար ունեն երկարաժամկետ արժեք։ Այստեղ առկա են նաև Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ կապված ռազմավարական հաշվարկներ։ Ավելին, TRIPP-ն արդեն ունի միջպետական համաձայնագրային հիմք։ 2026 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է համապատասխան շրջանակային համաձայնագիրը։ Նախատեսվում է զարգացման ընկերության ստեղծում՝ ամերիկյան կողմի 74 և հայկական կողմի 26 տոկոս մասնակցությամբ։ Ծրագիրն առնչվում է երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և հաղորդակցական ենթակառուցվածքների զարգացմանը։ Դրա հետագա իրականացումը պահանջում է ֆինանսավորում, նախագծում, իրավական կարգավորումներ և քաղաքական հետևողականություն։ Այսպիսի բազմաշերտ նախաձեռնության ճակատագիրը մեկ ընտրության արդյունքով պայմանավորելը նշանակում է անտեսել դրա հիմքում ընկած երկարաժամկետ ռազմավարական շահերն ու աշխարհատնտեսական հաշվարկները։ Կարևոր է հիշել նաև 2022 թվականի սեպտեմբերը։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ։ Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը չապահովեց ակնկալվող պաշտպանությունը։ Այդ ծանր օրերին Ջո Բայդենի դեմոկրատական վարչակազմը գործի դրեց ամերիկյան դիվանագիտության ազդեցությունը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ միջամտեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Վաշինգտոնի ակտիվ դիվանագիտական ջանքերը կարևոր դեր ունեցան հրադադարի հաստատման գործում։ Սեպտեմբերի 17-ին Երևան ժամանեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Դեմոկրատական կուսակցության ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Նենսի Փելոսին՝ կոնգրեսականների պատվիրակության ուղեկցությամբ։ Հայաստանի անկախությունից ի վեր ամերիկյան այդպիսի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը տեղի ունեցավ երկրի անվտանգության համար ճակատագրական պահին։ Երևանում Փելոսին հրապարակավ դատապարտեց ադրբեջանական ագրեսիան՝ վերահաստատելով Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ ամերիկյան հանձնառությունը։ Հայաստանի համար սա պատմականորեն կարևոր հիշեցում է։ Ամերիկյան դեմոկրատական վարչակազմի հետ հարաբերություններն արդեն ունեցել են անվտանգության գործնական նշանակություն։ Հանրապետական վարչակազմի օրոք էլ ձևավորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նոր համաձայնագրային հիմք։ Երկու իրողություններն էլ Հայաստանի պետական շահերի տեսանկյունից արժեքավոր են։ Անշուշտ, Թրամփի խիստ անձնավորված քաղաքականությունը ռիսկեր է պարունակում։ Կոնգրեսի նոր մեծամասնությունը կարող է վերանայել ֆինանսավորման առաջնահերթությունները, պահանջել լրացուցիչ վերահսկողություն և վիճարկել վարչակազմի նախաձեռնությունները։ TRIPP-ի իրականացումն էլ երաշխավորված չէ։ Կան Ադրբեջանի վարքագծի, ներդրումների, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանի ինքնիշխան իրավազորության պահպանման հետ կապված լուրջ հարցեր։ Դրանցից յուրաքանչյուրն առանձին աշխատանքի և ուշադրության կարիք ունի։ Կոնգրեսում դեմոկրատների հաջողությունը Հայաստանի համար կարող է նոր հնարավորություններ բացել։ TRIPP-ի շուրջ ավելի լայն քաղաքական աջակցություն ձևավորելու համար անհրաժեշտ է աշխատել ամերիկյան երկու կուսակցությունների, Կոնգրեսի, Սպիտակ տան և գործարար շրջանակների հետ։ Ծրագրի երկարաժամկետ կենսունակությունը կախված է դրա տնտեսական հիմնավորվածությունից, տարածաշրջանային նշանակությունից և ամերիկյան ռազմավարական շահերին համապատասխանությունից։ Երևանի դիվանագիտության խնդիրն է այս նախաձեռնությունն ամրապնդել այնպիսի քաղաքական և տնտեսական հիմքերով, որոնք կպահպանեն իրենց նշանակությունը նաև վարչակազմերի փոփոխությունից հետո։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող ապրել Վաշինգտոնի ընտրական օրացույցով։ Ամերիկայում նախագահներ ու կոնգրեսական մեծամասնություններ են փոխվում, սակայն Հարավային Կովկասի աշխարհագրական նշանակությունը, հաղորդակցությունների ապաշրջափակման տնտեսական ներուժը և տարածաշրջանում ազդեցության համար մեծ տերությունների մրցակցությունը պահպանվում են։ Հայաստանի հաջողությունը կախված է այս իրողությունները սեփական պետական շահերին ծառայեցնելու կարողությունից։ Դրա համար անհրաժեշտ են հետևողական դիվանագիտություն, վստահելի գործընկերություններ և գործնական արդյունքներ։ Իսկ Հայաստանի համար յուրաքանչյուր միջազգային զարգացում հերթական աղետի նախանշան ներկայացնող շրջանակների քաղաքական վարքագիծն արդեն ինքնին խոսուն է։ Նրանց կանխատեսումները փոխվում են Վաշինգտոնի քաղաքական ուժերի հարաբերակցության հետ, սակայն եզրահանգումը մշտապես նույնն է՝ Հայաստանին սպասվում է աղետ։ Նման մտածողությունը հանրությանը զրկում է միջազգային զարգացումները սթափ գնահատելու և սեփական երկրի հնարավորությունները տեսնելու հեռանկարից։ Հայաստանի ապագան չի կարող կախված լինել Վաշինգտոնում քաղաքական ուժերի հերթափոխից։ Ամերիկյան վարչակազմերը փոխվում են, նրանց առաջնահերթությունները՝ նույնպես, սակայն Հայաստանի պետական շահերը պահանջում են հետևողական և երկարաժամկետ քաղաքականություն։ Մեր խնդիրը ամերիկյան յուրաքանչյուր ընտրությունից հետո նոր վտանգներ գուշակելը չէ։ Պետք է կարողանալ աշխատել ցանկացած վարչակազմի հետ, ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, ապահովել երկրի անվտանգությունը և տարածաշրջանային փոփոխություններից իրական օգուտներ ստանալ։ Դրա համար անհրաժեշտ են քաղաքական հասունություն, դիվանագիտական նախաձեռնողականություն և սեփական հնարավորությունների ճիշտ գնահատում։ Աղետ գուժելը հեշտ է, պետական շահ պաշտպանելը՝ դժվար։ Հայաստանի ապագան պետք է կառուցել այդ դժվար աշխատանքի, այլ ոչ հերթական ընտրություններից ծնված վախերի ու քաղաքական շահարկումների վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17555

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով