Բադալյանների VBET-ի ֆրանսիական դոսյեն. աուդիտի 10 շեղում, վտանգավոր խաղացողներ և մոլորեցնող գովազդ

Ֆրանսիայի խաղային ոլորտի կարգավորող մարմնի հրապարակած երեք որոշումները բացահայտում են Վահե և Վիգեն Բադալյանների հիմնադրած SoftConstruct խմբի հետ կապված VBET France-ի գործունեության մի շարք խնդիրներ։ Պաշտոնական փաստաթղթերում արձանագրված են ներքին աուդիտի հայտնաբերած անհամապատասխանություններ, ֆինանսական վերահսկողության թերություններ, խաղային կախվածության վտանգի գնահատման բացեր և սպառողներին մոլորեցնելու վտանգ պարունակող գովազդային առաջարկներ։ Փաստաթղթերը վերաբերում են VBET France-ի 2026 թվականի գործունեությանը։ Առավել ուշագրավը 2026 թվականի մարտի 26-ի թիվ 2026-049 որոշումն է, որը հրապարակվել է ապրիլի 1-ին։ Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և խարդախության կանխարգելման վերաբերյալ փաստաթղթում ուղղակիորեն հիշատակվում է SoftConstruct խումբը։ Պարզվում է, որ խմբի ներքին աուդիտի ստորաբաժանումը եռամսյակային ստուգումների ընթացքում հայտնաբերել է շուրջ տասը անհամապատասխանություն։ Ֆրանսիայի կարգավորողի պահանջներն առնչվում են ֆինանսական վերահսկողության առանցքային ոլորտներին։ Իր հերթին VBET France-ը նախատեսել է ուժեղացնել հաճախորդների ստուգումները, կասկածելի գործարքների հայտնաբերման գործիքները, ակտիվների սառեցման պարտավորությունների վերահսկողությունը և ներքին թերությունների պատճառների ուսումնասիրությունը։ SoftConstruct-ը նաև նախատեսել է 2026 թվականից կազմակերպել VBET France-ի տարեկան արտաքին աուդիտ և համապատասխանության ստուգում։ Ֆրանսիայի կարգավորողը պահանջել է խստացնել պետական և մասնավոր ոլորտներում ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող հաճախորդների ֆինանսական գործարքների ստուգումը՝ հաշվի առնելով նրանց պաշտոնեական դիրքի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը։ ANJ-ն պահանջել է գործնականում իրականացնել նրանց նկատմամբ ուժեղացված վերահսկողության նախատեսված միջոցառումները։ Որոշման մեջ հիշատակվում են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացվող միջոցների լվացման կանխարգելումը և կասկածելի գործարքների վերաբերյալ Ֆրանսիայի ֆինանսական հետախուզության TRACFIN ծառայությանը տեղեկություններ տրամադրելու պարտավորությունները։ Ֆինանսական վերահսկողության փաստաթղթին զուգահեռ հունվարի 22-ի թիվ 2026-022 որոշումը բացահայտում է այլ խնդիր։ Կարգավորողը պարզել է, որ VBET France-ի համակարգը ընկերության հաճախորդների թվի համեմատ քիչ խաղային կախվածության բարձր ռիսկ ունեցող անձանց է հայտնաբերում։ Բացի այդ, ընկերության կիրառած մեխանիզմների արդյունավետությունը դեռևս հստակ և համակարգված գնահատում չէր ստացել։ ANJ-ն պահանջել է կատարելագործել վտանգավոր խաղային վարքագծի հայտնաբերումը, ուժեղացնել VIP հաճախորդների վերահսկողությունը և առանձնահատուկ ուշադրություն դարձնել ինքնաբացառումից հետո խաղադրույքներին վերադարձող անձանց։ Կարգավորողը նաև զգուշացրել է, որ կախվածության խնդիր ունեցող խաղացողին ինքնաբացառման ավարտից հետո ավտոմատ հաղորդագրությամբ չպետք է խրախուսել վերադառնալ խաղի։ Այս որոշման ամենաուշագրավ դրույթներից մեկը վերաբերում է ընկերության եկամուտներին։ VBET France-ը պարտավոր է հաշվառել հայտնաբերված խնդրահարույց խաղացողների թիվը, գնահատել նրանցից գոյացող համախառն խաղային եկամտի բաժինը և ներկայացնել նրանց աջակցելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Այս պահանջը հետաքննական կարևոր հարց է առաջացնում։ Ընկերության եկամուտների ո՞ր բաժինն են ապահովում վերահսկողության համակարգի կողմից վտանգավոր խաղային վարքագիծ ունեցող ճանաչված հաճախորդները։ Ֆրանսիայի կարգավորողի հրապարակած որոշումը համապատասխան գումարներ չի բացահայտում։ Ուշագրավ է նաև VBET France-ի 2026 թվականի գովազդային ռազմավարության վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 2025-200 որոշումը։ Կարգավորողն արձանագրել է, որ ընկերությունը շարունակում էր օգտագործել «freebet»՝ «անվճար խաղադրույք» արտահայտությունը նաև այնպիսի առաջարկների համար, որոնցից օգտվելու համար հաճախորդից նախնական ծախս էր պահանջվում։ Ֆրանսիայի կարգավորողը համարել է, որ նման գովազդը կարող է մոլորեցնել հաճախորդներին՝ վճարովի խաղադրույքը ներկայացնելով որպես անվճար առաջարկ, և պահանջել է հրաժարվել այդ ձևակերպումից։ Նույն որոշմամբ Ֆրանսիայի կարգավորողը VBET France-ից պահանջել է խստացնել գովազդային ծախսերի վերահսկողությունը, առավել զգուշավոր լինել սպորտային հովանավորության հարցում և բացառել խաղային կախվածության խնդիրներ ունեցող կամ խաղից ինքնաբացառված հաճախորդներին ուղղված գովազդային առաջարկները։ Ընկերությունը նաև զգուշացվել է, որ պարտադիր պահանջների չկատարումը կարող է հանգեցնել պատժամիջոցների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17572

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով