«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Մակրոնը բաց տեքստով ասաց՝ 8 տարի առաջ, երբ դուք Ռուսաստանի դաշնակից էիք, ինչպես ինքը բառացի ասաց՝ սատելիտ՝ արբանյակ էիք, դուք մեզ պետք չէիք, հիմա , երբ ուզում եք կռվեք Ռուսաստանի հետ, մեզ պետք եք: Նրանք մեզ մոտ չէին եկել, այլ Զելենսկու: Եկել էին հակառուսական կոնգրես անցկացնելու: Թող այդ կռիվն անեին Ռուսաստանի հետ, բայց ի՞նչ կապ ունեինք մենք, որ դա արեցին մեր մոտից: Ուկրաինային տալիս են ահռելի զենքեր, իսկ մեզ՝ տանձի պոչ: Այստեղ եկել էին, որ Նիկոլի PR-ն անեն, որ իրենց դեսպանը վերընտրվի, ու Հայաստանը դառնա հակառուսական պլացդարմ : Երբ 2020թ. մեզ վրա 4 պետություն էր հարձակվել, եվրոպացինե՛ր, դուք որտե՞ղ էիք. Էդ ժամանակ էր մեզ պետք ձեր օգնությունը: Մեր տղաներին նաև Զելենսկու տված զենքերով են սպանել: Էդ մարդը շնորհավորել է Ալիևին, իսկ դուք նրա ձեռքերն եք համբուրում ու նրան ման տալիս Երևանում: «Բունդերլայենը» (Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը,- հեղ.), երբ ադրբեջանական նավթի ու գազի հոտն առավ, ամեն ինչ մոռացավ… Իսկ 2022թ. հոկտեմբերին Մակրոնը շատ «գեղեցիկ» հարցազրույց տվեց, ասաց՝ երբեք չենք լքի հայերին, հիշում ենք Ցեղասպանությունը, պատմեց Մուսա լեռան պատմությունը, ապա նշեց՝ Ղարաբաղը տարածք է՝ Ադրբեջանի սրտում: Հարց ունեմ պարոն Մակրոնին՝ այսինքն՝ բա մարդի՞կ, այնտեղ 120 000 մարդ չէ՞ր ապրում: Պարոն Մակրոն, բա Մինսկի խո՞ւմբն ինչ եղավ: 35 տարի բա ի՞նչ թղթեր էիք ստորագրում: Մեզ ծախեցին, որ Ֆրանսիան ռուսներից վրեժ լուծի Աֆրիկայի համար: Մակրոնը սա բաց ասում է : Հայաստանում, տեսե՛ք, ինչ տեռոր է ընդդիմախոսների նկատմամբ, Եվրոպայից մի բառ չեն ասում, իսկ եթե նույն վիճակը, օրինակ, Բելառուսում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայտարարություններ կլինեին… Համարեք, որ Փաշինյանն արդեն անկլավները հանձնել է, ու Երևան-Թբիլիսի ճանապարհը լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Տիգրանաշենը հանձնելու է՝ Սյունիքը կտրի: Թող մեզ հիմարի տեղ չդնի Մակրոնը, Պրահայի հանդիպումն ինքն էր կազմակերպել Շառլ Միշելի հետ: Ինչո՞ւ ես մեղքը գցում միայն Նիկոլի վրա: Իսկ դո՞ւ ուր էիր, ինչո՞ւ նստեցիք կողքը, ինչո՞ւ չհարցրեցիք՝ էդ 120 000 մարդն ի՞նչ պիտի անի, ի՞նչ ճակատագիր են ունենալու այդ մարդիկ… Էսօր էլ Մակրոնը գնացել է Ծիծեռնակաբերդ: Լավ է արել, բայց երկերեսանիություն մի՛ արեք: Մի կողմից՝ գնում եք Ցեղասպանության հուշահամալիր, մյուս կողմից՝ շարունակում եք Ցեղասպանությունը: Հուսամ՝ Վենսի պես, ինքն էլ Թուրքիայից զանգ չի ստանա ու ջնջի սոցիալական ցանցում իր գրառումը : Դեմոկրատիայի ջատագով Ֆրանսիան Աֆրիկայում դիկտատորներ է պահում, որովհետև ստանում էր նավթ, գազ, ուրան: Օրինակ՝ Բոկասսան, ով, բացի բռնապետ լինելուց, ըստ որոշ տեղեկությունների, նաև մարդակեր է: Ընդհանուր առմամբ՝ 8 բռնապետ, այդ թվում են՝ Կոնգոյի, Կամերունի, Տոգոյի ղեկավարները:



