Այսօր Երևանում ավարտվում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որով ըստ էության ավարտվեցին նաև բոլոր արևմտյան միջոցառումները Երևանում։ Ինչպես հայտնի է, մայիսի 4-ին Երևանում կայացավ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հիմնած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցը ՀՀ և «Երևանյան երկխոսություն» միջազգային երկօրյա համաժողովը։ Բնականաբար, նախընտրական այս շրջանում այս միջոցառումները ծառայեցվեցին, որպես գործող իշխանությունների քաղաքական իմիջի վերականգնմանն ուղղված հերթական PR արշավը։ Միջազգային միջոցառումներն օգտագործվեցին ներքին լսարանին ժողովրդավարական ձեռքբերումների պատրանք մատուցելու և իշխող թիմի դիրքերն ամրապնդելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում հնչող բարձրագոչ հայտարարություններն ու փոխադարձ գովեստները կենտրոնացած էին բացառապես ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի «անսխալականությունն» ապացուցելու վրա՝ խնամքով ստվերում թողնելով թե տարածաշրջանային սպառնալիքները, թե առկա խնդիրները։ Փոխանակ հասցեագրելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առկա ռազմավարական անվտանգային խնդիրները, եվրոպական օրակարգը փորձում էր արհեստականորեն կերտել մի կայուն ու հաջողվաած պետության, բացառիկ նարտաքին քաղաքականություն վարող պետության պատկեր։ Այս ամենը տեղի ունեցավ ներքաղաքական խոր ճգնաժամի և հասարակության շրջանում բողոքի ձայների, պահանջների լիակատար անտեսման ֆոնին։ Մինչ պաշտոնական ամբիոններից հնչում էին ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին հավաստիացումներ, գովեստներ, դրանցից դուրս մնացին ժողովրդի իրական պահանջներն ու համակարգային անարդարության դեմ պայքարող քաղաքացիների դժգոհությունները։ Եվրոպական հյուրերի և իշխանական քարոզչամեքենայի կողմից ստեղծված տոնական աղմուկի մեջ փորձ արվեց խլեցնել հանրային իրական բողոքը՝ ի ցույց դնելով այն անդունդը, որն առկա է պաշտոնական վիճակագրության և փողոցում տիրող տրամադրությունների միջև։



