«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) մարտի 31-ին հիշեցրել է ր Աննա Հակոբյանի՝ 2023 թվականի ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը, որ 11.000 դասալիք է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում, ապա շեշտել էր. «Մեր զինվորները դասալիք չեն, նրանք կռվում էին առյուծի նման»: Աննա Հակոբյանն անարձագանք չէր թողել հետախույզի հիշեցումը՝ գրելով. «Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և, իհարկե, տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանն ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»: 2020 թվականի պատերազմի ժամանակ դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հարց է՝ որքա՞ն, կանոնավոր բանակի՞ց, թե՞ պատահական պատերազմի դաշտում հայտնված պահեստազորից և կամավորականներից, և ի՞նչն է մղել դրան: Իր գրառման մեջ Աննա Հակոբյանը կարծես թե կասկածի տակ է դնում զինվորի դասալիք չլինելու փաստը, այլոց իրազեկվածության աստիճանը նման նուրբ հարցերի վերաբերյալ, չենք կասկածում, որ նա տեղեկատվական լուրջ բազայի է տիրապետում:



