Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առթիվ Մոսկվան այս տարի այնքան մարդաշատ չէ, որքան նախորդ տարի՝ 80-ամյակին նվիրված միջոցառումների դեպքում։ Անցած տարի Մոսկվայի Կարմիր հրապարակում էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, ԱՊՀ երկրների ղեկավարները, Ռուսաստանի ավանդական գրեթե բոլոր գործընկեր երկրների ղեկավարներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի շատերը Կարմիր հրապարակում չեն, այդ թվում՝ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Իր վերջին բրիֆինգի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։ «Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել էր նա։ Փաշինյանը չէր հստակեցրել, թե իր փոխարեն՝ հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե՞ ոչ։ Սակայն, ինչպես օրերս հայտարարել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում», հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին։ Փաշինյանը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, բաց թողել 2024-ինը: Սակայն նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Մոսկվան պաշտոնապես ոչ մեկին չի հրավիրել մայիսի 9-ի տոնակատարություններին, բայց հայտարարել է, որ կողջունի բոլոր հավանական հյուրերին։ «Մենք պաշտոնապես ոչ մեկին չենք հրավիրել»,- ասել է Պուտինը։ Լուկաշենկոն էլ ընդգծել է, որ զզվել է՝ տեսնելով, թե ինչպես են որոշ հարևան պետություններ «ոտքի տակ նետել Հաղթանակը»։ Նա հիշեցրել է, որ խորհրդային ժողովուրդը փրկել է ամբողջ աշխարհը «ժանտախտից», և, որ սա «մեր մեծ գանձն» է։ Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ շուտով աշխարհի առաջնորդները «կխնդրեն գալ այստեղ»։ «Լինել այս հրապարակում»,- հավելել է նա։ Բելառուսի նախագահը Մոսկվա է ժամանել մայիսի 8-ի երեկոյան՝ մասնակցելու Հաղթանակի օրվա տոնակատարություններին։



