Մինչ իշխանությունները քեֆ-ուրախությունների մեջ են, օր ու մեջ համերգներ են կազմակերպում, հրապարակներում ու փողոցներում երգում-պարում են, հայաստանյան բիզնեսը հայտնվել է դժվարին կացության առաջ։ Իրենց չմտածված քայլերով՝ թակարդ են լարել բիզնեսի համար ու մի կողմ քաշվել։ Նիկոլ Փաշինյանը տպավորություն է ստեղծում, թե Ռուսաստանի ու ՌԴ նախագահի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ է հաստատել, հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են չտեսնված լավ վիճակում, իսկ բիզնեսի խնդիրները ռուսական շուկայում գնալով սրվում են։ Եվ դրանց հիմքում առաջին հերթին ռուսական կողմում առաջացած մտահոգություններն են՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության նկատմամբ։ Եթե մինչև վերջերս այդ մտահոգությունները սահմանափակվում էին հիմնականում մտահոգություններ արտահայտելով, հիմա դրանք աստիճանաբար տեղափոխվում են այլ հարթություն, վերածվում են կոնկրետ գործողությունների։ Եվ դա բոլորովին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն, թե ինքնիշխանության անվան տակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ինչպիսի ջերմեռանդությամբ են քանդում հայ-ռուսական հարաբերությունները։ Երբ Ռուսաստանին «քաղաքավարի» դուրս են հրավիրում Հայաստանից ու փորձում են հետևից փակել դուռը, որքան էլ դա գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնեն, մարդիկ հասկանում են իրական նպատակները։ Պատահական չէր այն շատ զգայուն արձագանքը, որը եղավ հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու՝ Հայաստանի իշխանության առաջարկության հետ կապված։ Թեման դրանից հետո մի տեսակ կարծես փակվեց, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ մշտապես։



