Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մայիսի 8-ին պաշտոնապես սկսեցին նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերից շատերը քարոզարշավը սկսեցին մարզերից, որոշները՝ Երևանից։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ քաղաքական ուժերը ոչ պաշտոնապես արդեն ամիսներ առաջ սկսել էին իրենց քարոզարշավը, հետևաբար՝ այնպես չէ, որ քարոզարշավի մեկնարկն էականորեն տարբերվեց ոչ պաշտոնական քարոզարշավի օրերից։ «Բոլոր ուժերը փաստացի ձեռագրային տեսակետից այն նույն մեթոդաբանությամբ են սկսել քարոզարշավը, ինչ ամիսներ առաջ, զուտ տեխնոլոգիապես նոր զարգացում կամ ինչ-որ շռնդալից մեկնարկ չի եղել։ Կրկին հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ, այսինքն՝ զանգվածային կազմակերպչական միջոցառումներ, ինչը, հավանաբար, չէր կարող այլ կերպ լիներ, քանի որ, երբ նույն մեթոդաբանությամբ են սկսում, ընթացքում չեն կարող ինչ-որ ինտրիգային ընթացք տալ։ Իհարկե, կարող են անել, բայց չեն կարող, այդքան հեշտ չէ»,- 168.am -ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։ Նա դժվարացավ ասել՝ քարոզարշավի ընթացքը հանգիստ կլինի՞, թե՞ կլինեն միջադեպեր, թեպետ հնարավոր է՝ լարվածություն լինի ընթացքում, քանի որ ընտրություններում «խաղադրույքը» բավականին բարձր է։



