Ֆասթ Բանկի գլխավոր գործընկերությամբ և «Temple of Arts» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ․մայիսի 31-ին Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի կունենա «Music Through Centuries» հայ-ավստրիական լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։ Միջոցառմանը հանդես են գալու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնք առաջին անգամ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համատեղ ելույթ կունենան նույն բեմում: «Music Through Centuries» միջոցառումն իրականացվում է Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։ Նախագծի հիմնադիր և հեղինակ Արարատ Մղդսյանի ու համահիմնադիր Գլադսթոն Մահիբի տեսլականը հանգում է դարերի միջով ձևավորված երաժշտական ուղևորության մեջ. միջոցառման ծրագիրը բացահայտում է հնագույն հնչյուններից մինչև Մոցարտի և Խաչատրյանի դասական գործերը ձգվող երաժշտական պատմություն՝ մեկ բեմում միավորելով Ավստրիայի և Հայաստանի մշակութային գեղարվեստական ավանդույթները։ Միջոցառման հատուկ հյուրեր Ինգա և Անուշ Արշակյանները կկատարեն բացառիկ, բեմից չներկայացված ստեղծագործություններ՝ հանդիսատեսին փոխանցելով հայ երաժշտարվեստի կենարար շունչը: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև հայտնի ջութակահարներ Յոհաննես Տոմբյոկը և Ջուլիա Գենգեն։ «Temple of Arts» ՀԿ հիմնադիր և նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանը նշել է, որ միջոցառումը դիվանագիտական նշանակություն ունի և դուրս է սովորական համերգի ձևաչափից․ «Մեր ավստրիացի գործընկերների հետ միասին տարիներ շարունակ այցելել ենք Հայաստան տարբեր ծրագրերի շուրջ, և ավստրիացի գործընկերները շատ սիրեցին հայկական մշակույթը։ Մենք մտածեցինք ստեղծել մի նախագիծ, որը կլինի կամուրջ երկու պետությունների, երկու մշակույթների միջև և կարող է ցույց տալ նմանությունները։ Շատ ուրախ ենք համագործակցել Ֆասթ Բանկի հետ, ուրախ ենք, որ Հայաստանում ընկերություններ կան, որոնք նմանատիպ մշակութային միջոցառումներին և նախագծերին աջակցում են», – ասել է նա։



