Մեքքայի թուրք-սաուդա-պակիստանյան համաձայնագիրը՝ Ադրբեջանի ռազմա-քաղաքական փորձությո՞ւն, թե՞ հավելյալ կշիռ

Ինչպես և սպասվում էր, օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ստորագրել են «Միասնական պաշտպանության մասին» համաձայնագիրը։ Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ «հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մեքքայի «Սաֆա» պալատում», ինչը բավական խորհրդանշական է, իսլամադավան երեք երկրները տարածաշրջանի համար չափազանց կարևոր նշանակության փաստաթուղթը վավերացրել են իսլամական սրբավայրում։ «Ռուս-ուկրաինական պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենածանր ժամանակաշրջանը, Մերձավոր Արևելքում Իսրայելի ագրեսիվ դիրքորոշումը, Իրանի և Պարսից ծոցի երկրների լարված հարաբերությունները, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկա-չինական մրցակցության սաստկացումը տարածաշրջանային խաղացողներին դրդել են ստեղծել անվտանգության սեփական ճարտարապետությունը»,- համաձայնագրի նշանակությունը Turkiye-ն այսպես է ներկայացրել։ Պարբերականը շեշտադրել է, որ Պակիստանը «իսլամական աշխարհի միակ միջուկային երկիրն» է, ինչից հասկացվում է, որ Թուրքիան ձգտում է Իսրայելի միջուկային զինանոցի ռազմավարական նշանակությունը հակակշռել պակիստանյան «անվտանգային հովանոցով»։ Կարելի է արձանագրել, որ Իսրայելի հետ որևէ բախման դեպքում Թուրքիան ՆԱՏՕ-ի աջակցությանը չի վստահում կամ ձգտում է իր ազգային շահերին առարկայորեն առնչվող հարցերում Հյուսիս-ատլանտյան դաշինքի ազդեցությունը հաղթահարել։ Մերձավորաերևլյան «եռյակ դաշինքին» կարող են միանալ նաև Կատարը և Եգիպտոսը։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա թուրք-սաուդա-պակիստանյան «միասնական պաշտպանության» պակտին կարող է ներգրավվել Ադրբեջանը։ Ճիշտ է, «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն կարծիք է հայտնել, որ Անկարան, Էր-Ռիադը և Իսլամաբադը Բաքվին «ընտրության առջև չեն կանգնեցրել», բայց Ադրբեջանը և Թուրքիան ռազմական փոխադարձ օգնության պայմանագիր ունեն։ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, Մեքքայի համաձայնագրին ֆորմալ չի անդամակցի, բայց Հարավային Կովկասում կներկայացնի «եռյակ միության» շահերը։ Քաղաքագետ Մահեռամլին համոզված է, որ Ալիևի «բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը մի օր կարող է Ադրբեջանին աղետի հասցնել»։ Բացառված չէ, որ Մեքքայի համաձայնագիրը Ադրբեջանին հավելյալ կշիռ հաղորդի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10238

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով