Անցած գիշեր Սիրիայի Իդլիբ քաղաքի մերձակա Աբու-ազ-Զահուր օդանավակայանը «անհայտ օդուժի կողմից ենթարկվել է թիրախային չորս հարձակման»։ Այդ մասին ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրել է իսրայելցի լրագրող Գելմանը՝ հղելով Agence France-Presse-ին։ Նա վկայակոչել է «արաբական աղբյուրների», որոնց տեղեկացվածությամբ՝ «օբյեկտում տեղակայված են թուրք զինվորականներ»։ Փաստացի «անհայտ օդուժը» Սիրայի տարածքում թուրքական ռազմակայան է թիրախավորել։ «Միջադեպը» տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների Երուսաղեմ այցից և Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցից ժամեր հետո։ Սիրիայի «երկինքը» տասնամյակներ շարունակ «զբոսավայր է եղել» իսրայելական օդուժի համար։ Եվ կասկածից դուրս է, որ Իդլիբի օդանավակայանը գրոհել են Իսրայելի կործանիչները։ Քուշների հետ «բարդ բանակցությունների» ընթացքում Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ամերիկյան կողմին տեղեկացրել է Թուրքիայից ՀԱՄԱՍ-ին ֆինանսական աջակցության, «աահաբեկչական խմբավորման ղեկվարներին ապաստան տալու» մասին։ Դա նշանակում է, որ Իսրայելը Թուրքիային մեղադրում է «ահաբեկչություն ֆինանսավորելու և հովանավորելու» մեջ։ Դիտարժան է, որ թիրախային հարվածները հասցվել են հենց Իդլիբի օդանավակայանին։ Այդ շրջանը տևական ժամանակ հանդիսացել է Սիրիայի ապստամբական ուժերի կենտրոնատեղի, որ Բաշար Ասադի վարչախմբի դեմ զինված պայքար էին մղում Թուրքիայի զինվորականների հրամանատարությամբ։ Իսրայելի կողմից Իդլիբի օդանավակայանի թիրախավորման տեղեկությունը հաստատել է նաև Կատարի «Ալ – Արաբի- ալ Ջիդադ» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրին։ Արաբական լրատվամիջոցը, սակայն, այդ օդանավակայանում թուրք զինվորականների ներկայությունը չի հիշատակել։ Իսրայելա-թուրքական լարվածությունը այլեւս բացահայտված իրողություն է։ Ընդ որում, երկու կողմն էլ «խաղադրույք է դնում» Միացյալ Նահանգների աջակցության վրա։ Վաշինգտոնին կհաջողվի՞ մերձավորարևելյան «կաթսայում երկու գլուխ եփել» կամ թուրք-իսրայելական «հնազանդեցումը» որքանո՞վ է բխում ԱՄՆ ներկայիս վարչակազմի աշխարհաքաղաքական պատկերացումներից, պարզ չէ։ Հրապարակային խոսույթի տիրույթում գործ ունենք «Երուսաղեմը հրեական պետության հավերժական մայրաքաղաքն» է և «Երուսաղեմը օսմանյան ժառանգության անբաժանելի մասն» է տրամագծորեն ներհակ նարատիվների հետ։ Ընդ որում, ԱՄՆ նախագահը դեռևս պաշտոնավարման առաջին շրջանում Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, Գոլանի բարձունքները՝ նրա իրավազորության տարածք։ Բայց իրողություն է նաև, որ Իրանի դեմ պատերազմը Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի «հեղինակությունը սասանել» է։



