Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու ԱՄՆ-ի պլանները միայն կրկնությունն են անցյալում նրա կողմից ձեռնարկված միջոցների: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը հասել է զուտ պարոդիայի», – գրել է Բաղային X հարթակում։ Նա անդրադարձել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարների օգոստոսի 26-ի հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել են Իրանի դեմ տնտեսական ճնշմանն առնչվող հարցեր։ «Նրանք դիմում են Բահրեյնին՝ մի երկրի, որն, ըստ էության, տնտեսության ոլորտում Իրանի հետ լայնածավալ փոխգործակցություն չունի, որպեսզի ապացուցեն, որ իրենց «կոալիցիան» գործում է։ Նրանք «դադարեցնում են» Իրանի հետ սպորտի և գիտության գծով փոխանակումները, որոնք արդեն իսկ դադարեցված էին տարիներ շարունակ», – նշել է Բաղային։ Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող ոլորտների նկատմամբ և «այդ դատարկ տարածքն անվանում կոալիցիա»։



