Սուրեն Պապիկյանը վերջին շաբաթներին գրեթե անընդհատ ստուգայցերի մեջ է։ Սեպտեմբերի 8-ին էլ նա եղել է մի շարք ուսումնական զորամասերում և կենտրոններում, հետևել ուսումնական գործընթացին, այցելել ԱԹՍ-ների ու կապի զորքերի ուսումնական կենտրոններ, ծանոթացել անձնակազմի պատրաստությանը և ծառայության պայմաններին։ Դրանից օրեր առաջ ստուգայց էր կատարել նաև մարտական դիրքեր։ ՊՆ պաշտոնական էջում միայն վերջին ամիսների ընթացքում արձանագրված են մի շարք նման, այդ թվում՝ «անակնկալ» այցեր։ Դրանց դեմ առարկություն ունենալ դժվար է։ Նախարարը պետք է գնա զորամաս, տեսնի իրական պայմանները, խոսի զինծառայողների հետ և պահանջի արդյունք, բայց այստեղ կա ավելի կարևոր հարց։ Մինչև ե՞րբ բանակի իրական վիճակը հասկանալու կարևոր գործիքներից մեկը պետք է մնա նախարարի անձնական ստուգայցը։ Անակնկալ այցը լավ կառավարման լրացուցիչ միջոց է, բայց այն չի կարող լինել կառավարման համակարգը։ Եթե կարգապահությունը բարձրանում է միայն այն ժամանակ, երբ հնարավոր է նախարարի մեքենան մտնի զորամաս, ապա խնդիրը նախարարի քիչ այցելելը չէ։ Խնդիրը այն է, որ համակարգը դեռ չունի ինքնաշխատ վերահսկողություն, չափելի պատասխանատվություն և այնպիսի հրամանատարական մշակույթ, որտեղ ճիշտ աշխատանքը կախված չէ բարձրաստիճան ղեկավարի ներկայությունից ։ Բանակի բարեփոխման իրական հաջողությունը կլինի այն օրը, երբ Սուրեն Պապիկյանը կարողանա ամիսներով որևէ զորամաս չայցելել, բայց վստահ իմանա այնտեղի մարտական պատրաստության, սննդի, ուսուցման, կարգապահության և տեխնիկայի իրական վիճակը։ Հայաստանն, ի դեպ, բանակի կերպափոխման հայեցակարգ ունի՝ հրապարակված դեռ 2024-ին։ ՊՆ-ն այսօր էլ այդ փաստաթուղթը ներկայացնում է որպես բարեփոխումների հիմք, իսկ ռազմական կրթության փոփոխությունները ներկայացվել են նաև եվրոպացի գործընկերներին։ Ուրեմն խնդիրն այն է, թե այդ հայեցակարգից ինչպիսի բանակ է ծնվում իրական կյանքում։ Ի՞նչ է լինելու հայկական բանակը տասը տարի հետո՝ մեծաքանակ զորակոչային բանա՞կ, փոքր, բարձր տեխնոլոգիական պրոֆեսիոնալ ո՞ւժ, պահեստազորի վրա կառուցված համաժողովրդական պաշտպանության համակա՞րգ, գուցե դրանց համադրությո՞ւնը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է մարդը ստանալու բանակից, երբ ավարտի ծառայությունը։ Այս հարցում իսրայելական փորձը շատ ուսանելի է, թեև այն մեխանիկորեն պատճենել հնարավոր չէ։ Իսրայելական բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումները վաղուց դարձել են երկրի տեխնոլոգիական տնտեսության մարդկային կապիտալի աղբյուր։ Unit 8200-ի և այլ տեխնոլոգիական ստորաբաժանումների նախկին զինծառայողները դուրս են գալիս բանակից արդեն իրական փորձով՝ կիբեռանվտանգություն, տվյալների մշակում, ծրագրային լուծումներ, հետախուզական տեխնոլոգիաներ։ Նրանցից շատերը հետո մտնում են մասնավոր հատված կամ ստեղծում ընկերություններ։ Իսրայելի կառավարական աղբյուրներն անգամ բանակը բացահայտ նկարագրում են որպես տեխնոլոգիական տնտեսությունը քաշող լոկոմոտիվ։ Այսինքն՝ այնտեղ բանակը միայն սպառում չէ, այն նաև գիտելիք է արտադրում ։ Սա Հայաստանի համար կարող է շատ ավելի կարևոր լինել, քան պարզապես «իսրայելական բանակի մոդելը» կրկնելու ցանկությունը։ Փոքր պետությունը չի կարող երիտասարդից վերցնել կյանքի մեկուկես տարին և ծառայությունից հետո նրան վերադարձնել քաղաքացիական կյանք՝ առանց նոր գիտելիքի, մասնագիտության ու կիրառելի հմտությունների։ Ծառայությունն ավարտած մարդը պետք է ավելի արժեքավոր լինի նաև տնտեսության համար՝ տեխնիկական մասնագիտությամբ, լեզվով, կապի համակարգերի, ԱԹՍ-ների, կիբեռանվտանգության, լոգիստիկայի, բուժօգնության կամ կառավարման իրական հմտություններով։ Սինգապուրը հենց այս ուղղությամբ է զարգացնում պարտադիր ծառայությունը։ Զինծառայողները կարող են ծառայության ընթացքում ստանալ կրթական կրեդիտներ և մասնագիտական որակավորում, իսկ 2026-ից նրանց ձեռք բերած հմտությունները ներառվում են պաշտոնապես ճանաչվող «կարիերայի և հմտությունների անձնագրում», որպեսզի ծառայությունից հետո դրանք հասկանալի արժեք ունենան աշխատաշուկայում։ ԱՄՆ-ի մոդելը բոլորովին այլ է՝ բանակը կամավորական է։ Բայց նույնիսկ այնտեղ ծառայության մուտքը պարզապես «գրանցվելը» չէ։ Թեկնածուները հանձնում են զինված ուժերի մասնագիտական ընդունակությունների քննություն, որի արդյունքը ոչ միայն որոշում է ընդունվելու հնարավորությունը, այլև օգնում է որոշել՝ զինվորական որ մասնագիտություններին է մարդը համապատասխանում։ Սրանք տարբեր երկրներ են տարբեր բանակներով, բայց բոլոր հաջող մոդելներում կա մեկ ընդհանուր սկզբունք՝ մարդկային ռեսուրսը չեն վատնում ։ Հայաստանն այսօր հատկապես այդ շռայլությունն իրեն թույլ տալ չի կարող։ Մենք քիչ ենք, հետևաբար յուրաքանչյուր զորակոչիկ պետք է դիտվի ոչ միայն որպես 1,5 տարվա պարտադիր զինվորական ծառայության կոչված զինվոր, այլ որպես երկրի ապագա ինժեներ, կառավարիչ կամ ձեռնարկատեր։ Բանակն էլ պետք է դառնա ոչ միայն սահմանը պահող, այլև մարդ ձևավորող և տեխնոլոգիա ստեղծող հաստատություն։ Պապիկյանի այցերը կարող են շարունակվել։ Երբեմն պետք էլ է, որ նախարարն անձամբ տեսնի այն, ինչ զեկույցում չեն գրում, բայց իրական բարեփոխումը կսկսվի այնտեղ, որտեղ նախարարի անակնկալ այցն այլևս համակարգի աշխատանքի համար կարևոր իրադարձություն չի լինի։ Ուժեղ բանակը այն բանակը չէ, որտեղ ամեն ինչ կարգի է բերվում նախարարի գալուց առաջ։ Ուժեղ բանակն այն է, որտեղ նախարարի գալը ոչինչ չի փոխում։ Եվ դրանից հետո արդեն կարելի է տալ ավելի մեծ հարցը՝ ոչ միայն ինչպե՞ս ենք ծառայելու բանակում, այլ՝ ինչպիսի՞ մարդ և ինչպիսի՞ տնտեսություն է այդ բանակը թողնելու իրենից հետո ։



