ՀԷՑ-ի ապագայի շուրջ թեժ քննարկումների և սպասվող զարգացումների ֆոնին արժե վերադառնալ նրա սեփականաշնորհման պատմությանը։ Ոչ միայն հասկանալու համար, թե ինչպես պետական ռազմավարական ակտիվը դարձավ մասնավոր սեփականություն, այլև վերականգնելու դրա անցած ամբողջ ճանապարհը՝ ով ստացավ այն պետությունից, ինչ պայմաններով, ինչ միջանկյալ օղակներով և ում վերահսկողության տակ այն ի վերջո հայտնվեց ։ 2000-ականների սկզբին Հայաստանի կառավարությունը բաշխիչ էլեկտրացանցերի համար ռազմավարական ներդրող էր փնտրում։ Մրցույթին ներգրավված էին համաշխարհային էներգետիկ շուկայի խոշոր խաղացողներ՝ ֆրանսիական EDF-ը, ամերիկյան AES-ը, շվեյցարական ABB-ն և իսպանական Union Fenosa-ն ։ Սակայն առաջին մրցույթները ձախողվեցին։ Դրանից հետո կառավարությունը մեղմացրեց գնորդին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ ոլորտային փորձի չափանիշը, և 2002-ին Հայաստանի ամբողջ բաշխիչ համակարգը բաժին հասավ ոչ թե էներգետիկ խոշոր ընկերություններից մեկին, այլ Գերնսիում գրանցված, հիմնականում հումքային առևտրով զբաղվող և էլեկտրացանցերի կառավարման փորձ չունեցող Midland Resources Holding-ին ։ Համաշխարհային բանկի հետագա ուսումնասիրությունը Midland-ին անվանում էր «անհայտ» ընկերություն և արձանագրում, որ Հայաստանի միջազգային գործընկերներն ու գործարքի խորհրդատուները սկզբում խիստ վերապահումներ ունեին այդ ընտրության նկատմամբ։ ԱՄՆ կառավարությունն ավելի ուղիղ էր․ սեփականաշնորհման գործընթացը, նրա գնահատմամբ, չէր համապատասխանում USAID-ի և մյուս դոնորների բացության ու թափանցիկության չափանիշներին։ Այստեղ հայտնվում է Հարություն Փամբուկյանի անունը։ Mediamax-ը տարիներ անց հիշեցրել է, որ Midland Resources Holding-ի իրական սեփականատեր էր համարվում այն ժամանակվա պատգամավոր Հարություն Փամբուկյանը , թեև ինքը պնդում էր, որ ընդամենը միջնորդել է ընկերության և Հայաստանի կառավարության միջև։ «Հետք»-ը ավելի ուղիղ էր․ դեռ 2003-ին գրել էր, որ Փամբուկյանը Midland-ի բաժնետեր է և պատասխանատու է եղել ընկերությունը Հայաստան բերելու համար։ Սրանք էական հանգամանքներ են, որովհետև Midland Resources Holding -ը որևէ պատահական մասնավոր ընկերություն չէր գնել։ Այն ստացել էր պետության նյարդային համակարգերից մեկը՝ գրեթե յուրաքանչյուր տուն և ձեռնարկություն հասնող էլեկտրական բաշխիչ ցանցը։ Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 37 միլիոն դոլար էր։ Բայց ընդամենը երեք տարի անց տեղի ունեցավ այն, ինչը պատմությանը տալիս է աշխարհաքաղաքական ամբողջականություն։ Ռուսական պետական ՌԱՕ ԵԷՍ-ը հայտարարեց, որ իր հետ կապված Interenergo-ն ՀԷՑ-ի նկատմամբ իրավունքները ձեռք է բերել 73 միլիոն դոլարով ։ Սկզբում դա ներկայացվեց որպես 99-ամյա կառավարում, հետո արդեն Հայաստանի կառավարությունը պաշտոնապես համաձայնեց բաժնետոմսերի վաճառքին, և 2006-ին ՀԷՑ-ը մտավ ռուսական էներգետիկ համակարգի մեջ։ Այսինքն՝ այն ակտիվը, որի համար Հայաստանը տարիներ շարունակ փնտրում էր արևմտյան ռազմավարական ներդրող, վերջում անցավ ռուսական պետական ընկերությանը՝ «արևմտյան» Midland-ի միջով ։ Եվ այստեղ է շուրջ երեսուն տարվա վաղեմության ամենակարևոր հարցը․ ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ միջանկյալ օղակը ։ Եթե Հայաստանի համար ընդունելի էր ՌԱՕ ԵԷՍ-ի սեփականությունը, ինչո՞ւ այդ ընկերությունը չդարձավ գնորդ հենց սկզբից։ Եթե նպատակը մասնագիտական ռազմավարական ներդրող ներգրավելն էր, ինչո՞ւ ցանցերը հանձնվեցին ոլորտային փորձ չունեցող առևտրային ընկերության։ Եվ եթե Midland-ը սովորական ներդրող էր, ինչո՞ւ դրա շուրջ սեփականության իրական պատկերը այդպես էլ մնաց մշուշոտ։ Մեծ գործարքների պատմության մեջ երբեմն ամենակարևոր դերակատարը վերջնական սեփականատերը չէ, այլ այն մարդը, որի միջոցով ակտիվը փոխում է ձեռքերը։ Այդ պատճառով Փամբուկյան ազգանվան հայտնվելը այսօրվա քրեական վարույթի լրահոսում ինքնին ՀԷՑ-ի գործարքի մասին ոչինչ չի ապացուցում, բայց նորից բացում է երկու տասնամյակ չփակված հարցերի շրջանակը՝ ով էր իրականում կանգնած Midland-ի հետևում, ինչ դեր ուներ Փամբուկյանը և ինչ շահ էր ձևավորվել Հայաստանի ռազմավարական ակտիվի այդ փոխանցումից ։ Ո՞վ էր Midland-ի վերջնական շահառուն։ Ի՞նչ բաժնեմաս ուներ Փամբուկյանը։ Ի՞նչ էր ստացել այդ գործարքից։ Երբևէ հարցաքննվե՞լ է ՀԷՑ-ի սեփականաշնորհման հանգամանքների շուրջ։ Եվ ո՞ւմ բաժին հասավ այն արժեքը, որը ստեղծվեց մոտ 37 միլիոն դոլարանոց սեփականաշնորհման և 73 միլիոն դոլարանոց ռուսական գործարքի միջև։ Փամբուկյանը վաղուց այլևս միայն հայաստանյան գործարար չէ։ Հայաստանում նրա անվան հետ շարունակում են կապվել մի շարք ակտիվներ, իսկ վերջին տարիների հանրային ռեգիստրները նրա բիզնես հետքերն արձանագրում են նաև ԱՄՆ-ում և Աֆրիկայում։ Կալիֆոռնիայում նրա անունը հանդիպում է Բևերլի Հիլզի անշարժ գույքի ներդրումային և Գլենդելի ավտոմոբիլային ընկերությունների գրանցումներում, իսկ Տանզանիայի հանքարդյունաբերության թափանցիկության պաշտոնական հաշվետվություններում Հարություն Փամբուկյանը նշված է ոսկու արդյունահանմամբ զբաղվող MMG Gold Limited-ի 29 տոկոսի շահառու սեփականատեր։ Այսինքն՝ ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ Midland-ի հետ կապվող գործարարը երկու տասնամյակ անց էլ միջազգային բիզնես ակտիվների բավական տեսանելի հետք ունի։ Այս հարցերը առավել կարևոր են այսօր, երբ Հայաստանը կրկին քննարկում է ՀԷՑ-ի սեփականության ապագան, որովհետև ռազմավարական ենթակառուցվածքի սեփականությունը պարզապես բիզնես չէ։ Այն արտաքին քաղաքականություն է՝ գրված բաժնետոմսերի լեզվով։ Երկու տասնամյակ առաջ Հայաստանի էլեկտրացանցերի ճանապարհը սկսվեց արևմտյան ներդրողի որոնմամբ, անցավ օֆշորային Midland-ի միջով և ավարտվեց ռուսական պետական էներգետիկ համակարգում։ ՀԷՑ-ի այդ ճանապարհի պատմությունը դեռ ամբողջությամբ գրված չէ։ Իսկ ամենակարևոր չգրված գլուխը հենց Midland-ի մասին է։



