Ռուսաստանի հետախուզական արբանյակները Իրանին տվյալներ են փոխանցել, որոնք կարող էին նպաստել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ իրանական հարվածների ճշգրտության բարձրացմանը։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների և միջազգային հետախուզական աղբյուրների։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Իրանի՝ Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա մարտի 27-ի հարձակումից երկու օր առաջ ռուսական 14 հետախուզական արբանյակներ անցել են բազայի վրայով։ Նշվում է, որ դրանք կարող էին հավաքել ինչպես տեսողական, այնպես էլ կապի վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Հարձակման հետևանքով վիրավորվել էր ԱՄՆ 12 զինծառայող, իսկ ամերիկյան AWACS ինքնաթիռը ոչնչացվել էր։ ԱՄՆ աղբյուրների խոսքով՝ ռուսական արբանյակային տվյալները կարող էին օգտագործվել նաև տարածաշրջանում ամերիկյան այլ բազաների, հրամանատարական կենտրոնների, լոգիստիկ օբյեկտների և ռազմածովային ենթակառուցվածքների դեմ հնարավոր հարձակումներ նախապատրաստելու համար։ Միաժամանակ CNN-ի հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները հիմնված են աղբյուրների պնդումների վրա և չեն ներկայացվում որպես Ռուսաստանի կողմից պաշտոնապես հաստատված փաստ։



