Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ Բարձր մակարդակի շաբաթը հավաքելու է աշխարհի շուրջ 130 պետությունների և կառավարությունների ղեկավարների, իսկ ընդհանուր քաղաքական բանավեճը մեկնարկելու է սեպտեմբերի 22-ին։ Այս այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի մասնակցությունը Concordia Annual Summit -ին։ Կազմակերպիչներն արդեն հրապարակել են առանձին հանդիպում՝ “A Fireside Chat with Armenian Prime Minister Nikol Pashinyan” խորագրով և այն ներառել «Democracy, Security & Geopolitical Risk» թեմատիկ ուղղության մեջ։ Զրույցի մանրամասն օրակարգը դեռ հրապարակված չէ։ Concordia-ն անցկացվում է ՄԱԿ ԳԱ բարձր մակարդակի շաբաթվա օրերին Նյու Յորքում և մի հարթակում հավաքում է քաղաքական առաջնորդների, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ու հասարակական հատվածի ներկայացուցիչների։ Այս տարվա գագաթնաժողովը նախատեսված է սեպտեմբերի 20–23-ին։ Կազմակերպությունն այն ներկայացնում է որպես ՄԱԿ ԳԱ շաբաթին զուգահեռ գործող ոչ կուսակցական գլոբալ հարթակ։ Փաշինյանի մասնակցությունն այս տարի առանձնահատուկ քաղաքական համատեքստ ունի։ Մեկ տարի առաջ ՄԱԿ-ի նույն ամբիոնից Հայաստանի վարչապետը հրապարակավ ձևակերպեց 2026-ի իր սպասումը․ 81-րդ նստաշրջանին վերադառնալ խաղաղության համաձայնագրի ստորագրման, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և TRIPP ծրագրի զգալի առաջընթացի մասին հաշվետվությամբ։ Այդ խոսքերը հիմա վերածվում են քաղաքական նշաձողի։ Նյու Յորքի այցը տեղի է ունենում արդեն Վաշինգտոնի օգոստոսի 8-ի գործընթացից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և ԱՄՆ-ի ավելի խոր ներգրավման պայմաններում։ Ուստի ՄԱԿ ԳԱ-ի ելույթը սովորական տարեկան խոսք չի լինելու։ Այն հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքական նոր դիրքը՝ խաղաղության գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, TRIPP-ը, Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգը և Հայաստանի ինքնիշխանության շուրջ ձևավորված նոր քաղաքական ճարտարապետությունը։ Concordia-ի ձևաչափը նույն թեմաներին տալիս է մեկ այլ լսարան։ Այստեղ ներկա են ազդեցության այն շրջանակները, որոնք մասնակցում են ներդրումային, տեխնոլոգիական, ենթակառուցվածքային և քաղաքական որոշումների ձևավորմանը։ Հայաստանի համար հատկապես կարևոր է խաղաղության օրակարգը կապել տնտեսական արդյունքի հետ։ TRIPP-ի միջազգային արժեքը ի վերջո չափվելու է ճանապարհներով, երկաթուղով, էներգետիկ կապերով, թվային ենթակառուցվածքով և ներդրումներով։ Նյու Յորքում Փաշինյանի հիմնական խնդիրն է ցույց տալ խաղաղությունից հետո բացվող Հայաստանի պատկերը։ Օգոստոսի 8-ը ստեղծեց քաղաքական շրջանակ։ Հաջորդ փուլը պահանջում է այդ շրջանակը վերածել տնտեսական կապերի, միջազգային ներդրման և երկարաժամկետ անվտանգության շահի։ Concordia-ի հարթակի կարևորությունն էլ հենց այստեղ է։ Հայաստանը հնարավորություն է ստանում իր նոր տարածաշրջանային դերը ներկայացնել ՄԱԿ-ի դիվանագիտական դահլիճներից դուրս՝ այն մարդկանց և կառույցներին, որոնք կարող են մասնակցել դրա նյութականացմանը։



