ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իտալիայի Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայայի գլխավորած պատվիրակությանը։ Վերջինս Հայաստան է ժամանել Երևանում սեպտեմբերի 23-25-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի 15-րդ խորհրդատվական համաժողովին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու համագործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում ձևավորված ամուր կապերը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է խորհրդատվական համաժողովի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում անդրադարձ է եղել իտալական կողմի աջակցությամբ իրականացվող Գառնու տաճարի արքունի բաղնիքի խճանկարի պահպանման և վերականգնման, Արուճի պատմամշակութային համալիրի ուսումնասիրման, Դվինի հնավայրի հետազոտման և հնագիտական ժառանգության թվայնացման աշխատանքներին։ Կողմերն ընդգծել են նաև Վենետիկի առանձնահատուկ դերակատարությունը հայ մշակույթի և հայագիտության պահպանման ու հանրահռչակման գործում։



