Հայաստանում մշակված Krisp-ի ԱԲ մոդելներն օգտագործվում են առաջատար ընկերությունների կողմից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական ստարտափների ու տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ընդլայնման հնարավորությունները, մարդկային ներուժի զարգացումը, ներդրումների ներգրավումը, ինչպես նաև պետական, մասնավոր և գիտակրթական հատվածների համագործակցության խորացման ուղղությունները։ Նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհավորել է Արտավազդ Մինասյանին՝ Krisp-ի հիմնադրման 9-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով ընկերության ներդրումը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի և արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում Արտավազդ Մինասյանը ներկայացրել է Krisp-ի վերջին զարգացումները, ընկերության տեխնոլոգիական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Նրա խոսքով՝ վերջին 12 ամիսների ընթացքում Krisp-ը շարունակել է ընդլայնել իր գործունեությունը ձայնային արհեստական բանականության ոլորտում։ Հայաստանում մշակված Krisp-ի մոդելներն օգտագործվում են ԱԲ ոլորտում գործող առաջատար ընկերությունների կողմից։ Ընկերությունը զարգացնում է նաև ձայնային թարգմանության տեխնոլոգիաներ՝ 62 լեզուների աջակցությամբ, և շարունակում է մշակել նոր տեխնոլոգիական լուծումներ։ Քննարկվել է նաև Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի, ինչպես նաև Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից համահիմնադրված BigStory VC վենչուրային ֆոնդի գործունեությունը և հայկական ծագում ունեցող ստարտափների զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջազգային դիրքավորմանը և այն հնարավորություններին, որոնք կարող են նպաստել հայկական տեխնոլոգիական արտադրանքի, գիտելիքի և մասնագիտական ներուժի ավելի լայն ներկայացմանը միջազգային շուկաներում։ 2017 թվականին Երևանում հիմնադրված Krisp-ը մշակում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմքով ձայնային տեխնոլոգիաներ՝ միջազգային շուկայի համար։ Այսօր ընկերությունը նշում է հիմնադրման 9-ամյակը, որի գործունեության ընթացքում այն դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային ճանաչելիություն ունեցող ընկերություններից մեկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14895

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով