Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան կմեկնարկեն համատեղ գործընկերություն՝ ուղղված ռուսական դիվերսիաների և կիբերհարձակումների դեմ։ Ըստ բրիտանական կառավարության՝ նախաձեռնությունը ենթադրում է տեղեկատվության փոխանակում և գործողությունների համակարգում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքներին սպառնացող վտանգներին հակազդելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ «Մեր հակառակորդների, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից բխող հիբրիդային սպառնալիքը տարածվում է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս՝ վտանգելով մեր հավաքական անվտանգությունը։ Միացյալ Թագավորությունը և Գերմանիան մտադիր են համատեղ բացահայտել հիբրիդային գործողությունները և հակազդել դրանց՝ անկախ դրանց աղբյուրից», – ասված է բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշված է փաստաթղթում, տեղեկատվության փոխանակումը և սպառնալիքների մշտադիտարկման, զսպման ու դրանց հակազդմանն ուղղված գործողությունների համակարգումը պետք է նվազեցնի Եվրոպայում թշնամական ուժերի գործելու հնարավորությունը և ամրապնդի դիմակայունությունը կիբերհարձակումների, դիվերսիաների ու կենսական նշանակության ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքների նկատմամբ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բրնհեմը հայտարարել է, որ երկու երկրների ենթակառուցվածքների, բիզնեսի և ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված հարձակումները հեռավոր սպառնալիք չեն։ «Դրանք ներթափանցում են մարդկանց տներն ու աշխատավայրերը և նպատակ ունեն մեզ ավելի թույլ ու պառակտված դարձնել։ Մեծ Բրիտանիան և Գերմանիան միավորում են ջանքերը՝ բացահայտելու, հրապարակելու և հակազդելու այդ գործողություններին։ Անվտանգությունն ու տնտեսական աճը փոխկապակցված են, և դրանց արդյունքները պետք է զգացվեն մեր երկու երկրների յուրաքանչյուր քաղաքում ու համայնքում», – հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։



