Ռուս մարմնամարզիկները վիզաների պատճառով կարող են բաց թողնել աշխարհի առաջնությունը

Ռուսաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը կարող է չմասնակցել Ռոտերդամում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ նախատեսված մեկնումից երկու օր առաջ մարզիկները դեռևս չեն ստացել Նիդեռլանդներ մուտքի արտոնագրերը (վիզաները)․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։ Ըստ ֆեդերացիայի՝ Նիդեռլանդների իշխանությունների գործողությունները վտանգի տակ են դնում Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը 2028թ․ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին։ Նրանց փոխանցմամբ՝ Ռուսաստանի բոլոր մարմնամարզիկներն անցել են մարզական ընտրությունը և ընդգրկվել մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (World Gymnastics) պաշտոնական հայտացուցակներում։ Մարզիկները սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը՝ հրավերներն ստանալուց անմիջապես հետո, վիզաների կենտրոն են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը։ Սակայն, հոկտեմբերի 9-ի դրությամբ, վիզաների տրամադրման ժամկետների վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա։ Ռուսաստանի հավաքականի մեկնումը նախատեսված է հոկտեմբերի 12-ի գիշերը։ Պաշտոնական մարզումները կմեկնարկեն հոկտեմբերի 13-ին, իսկ տղամարդկանց մրցումային հարթակի փորձարկումը նախատեսված է հոկտեմբերի 14-ին։ Ֆեդերացիայի գնահատմամբ՝ վիզաների տրամադրման հետագա ուշացումը կարող է խոչընդոտել մարզիկների՝ մրցավայր ժամանակին հասնելուն և նախապատրաստական աշխատանքները լիարժեք սկսելուն։ Ռուսաստանի մարմնամարզության ֆեդերացիան ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել է World Gymnastics-ին և շարունակում է լուծում գտնելու աշխատանքները՝ Ռուսաստանի ԱԳ նախարարության և միջազգային ֆեդերացիայի նախագահ Մորինարի Վատանաբեի հետ համագործակցությամբ։ Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը Ռոտերդամում կանցկացվի հոկտեմբերի 17-25-ը։ Տղամարդկանց և կանանց թիմային մրցումների արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցրած հավաքականները կստանան 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15363

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով