ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի արմատները կապված են Բարաք Օբամայի նախագահության շրջանի հետ, երբ, նրա խոսքով, Ուկրաինան ստիպված եղավ զիջել Ղրիմը։ «Ղրիմը, անկասկած, Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն է։ Այն շրջապատված է ջրով և ամենագեղեցիկ տարածքներից մեկն է։ Ես անշարժ գույքի ոլորտում եմ աշխատել և գիտեմ՝ ինչն է լավ հողատարածք»,- ասել է Թրամփը։ Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումներից մեկը վատ է անցել։ Նրա խոսքով՝ երկու առաջնորդների միջև առկա փոխադարձ ատելությունը դժվարացնում է հակամարտության կարգավորումը։ «Երբ այդպիսի ատելություն կա, շատ դժվար է որևէ հարց լուծել»,- ասել է Թրամփը։



