Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի Եվրոպա մեկնելու հեռանկարը հայտնվում է փոփոխվող իրավական միջավայրում։ Եվրամիությունը պատրաստվում է վերանայել Շենգենյան վիզաների տրամադրման ընդհանուր կանոնները՝ ընդլայնելով երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունները։ Նոր քաղաքականությունը կարող է առնչվել նաև Հայաստանին, որն արդեն երկու տարի իրականացնում է վիզային ազատականացման գործընթացը։ Հունվարի 29-ին հրապարակված Եվրահանձնաժողովի COM(2026)43 ռազմավարությունը նախատեսում է 2026 թվականին վերանայել ԵՄ վիզային օրենսգիրքը։ Առաջարկվող գործիքակազմը թույլ կտա քաղաքական կամ անվտանգային հարաբերությունների լուրջ վատթարացման դեպքում կասեցնել, մերժել կամ սահմանափակել որոշ երկրների քաղաքացիների վիզային դիմումները։ Քննարկվում են նաև վերադարձի և հետընդունման պարտավորությունները չկատարող պետությունների նկատմամբ լրացուցիչ միջոցներ կիրառելու հնարավորությունները։ Առանձնապես ուշագրավ է առաջարկվող կարգավորումների աշխարհագրական ընդգրկումը։ Դրանք մշակվում են ԵՄ ընդհանուր վիզային քաղաքականության շրջանակում և չեն սահմանափակվում որևէ երկրի քաղաքացիներով։ Սակայն յուրաքանչյուր պետության նկատմամբ դրանց կիրառումը կպահանջի համապատասխան իրավական հիմք և առանձին որոշում։ Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում արդեն քննարկվել է այդ քաղաքականության հնարավոր դրսևորումներից մեկը։ ԵՄ խորհրդի վիզային աշխատանքային խումբն անդրադարձել է Ռուսաստանի քաղաքացիներին սահմանափակ տարածքային գործողությամբ՝ LTV վիզաներ տրամադրելու նախաձեռնությանը։ Այդպիսի վիզան թույլ է տալիս այցելել բացառապես փաստաթղթում նշված պետություններ։ Ամբողջ Շենգենյան տարածքով ճանապարհորդելու հնարավորությունը վերանում է։ Մեխանիզմն արդեն ամրագրված է ԵՄ վիզային օրենսգրքի 25-րդ հոդվածով և կիրառելի է բացառիկ դեպքերում։ Դրա առավել լայն կիրառման հարցը դեռ քննարկման փուլում է։ Հայաստանի քաղաքացիներին վերաբերող համատարած սահմանափակում այս պահին նախատեսված չէ։ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների հնարավոր խստացումը Հայաստանի համար առաջացնում է առանձին խնդիր։ Ռուսաստանում բնակվող հայերի շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալու հետաքրքրությունը կարող է աճել։ Հայաստանի անձնագիրը կարող է ավելի գրավիչ դառնալ այն անձանց համար, որոնց ռուսական քաղաքացիությունը սահմանափակում է եվրոպական երկրներ մեկնելու հնարավորությունները։ Քաղաքացիության դիմումների հնարավոր աճը մեծացնելու է անձնագրային համակարգի հուսալիության, դիմողների ինքնության ստուգման և քաղաքացիության տրամադրման ընթացակարգերի նկատմամբ պահանջները։ Հայկական անձնագրի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն կապված է այդ համակարգի վստահելիության հետ։ Եվրամիության համար փաստաթղթերի անվտանգությունն արդեն Հայաստանի վիզային ազատականացման գնահատման հիմնական չափանիշներից է։ 2024 թվականի սեպտեմբերին մեկնարկած Հայաստան–ԵՄ վիզային ազատականացման երկխոսությունը 2025 թվականի նոյեմբերին մտավ գործնական փուլ։ Երևանին փոխանցվեց գործողությունների ծրագիրը, իսկ 2026 թվականի ապրիլի 30-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց դրա կատարման վերաբերյալ առաջին զեկույցը։ Եվրահանձնաժողովի նոր ռազմավարությունը նախատեսում է նաև վերանայել առանց վիզայի ռեժիմի անցնելու գնահատման համակարգը։ Ավելի մեծ նշանակություն են ստանալու վիզաների մերժումների ցուցանիշները, ապաստանի դիմումները, թույլատրված ժամկետից ավելի մնալու դեպքերը, վերադարձի և հետընդունման ոլորտում համագործակցությունը, սահմանային անվտանգությունն ու ԵՄ ռազմավարական շահերը։ Այս փոփոխությունները կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի բանակցությունների հետագա ընթացքի վրա։ Առանց վիզայի ռեժիմին անցնելու համար Հայաստանը պետք է կատարի ստանձնած բոլոր պարտավորությունները՝ միաժամանակ պատրաստ լինելով Եվրամիության խստացող պահանջներին։ Վրաստանի նախադեպը Հարևան Վրաստանի փորձն արդեն ցույց է տալիս վիզային արտոնությունների քաղաքական և իրավական խոցելիությունը։ 2026 թվականի մարտի 6-ին Եվրահանձնաժողովը ժամանակավորապես կասեցրեց Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների առանց վիզայի մուտքի հնարավորությունը։ Որոշման պատճառը ժողովրդավարության և հիմնարար իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների խախտումներն էին։ Սովորական անձնագրերով Վրաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժը պահպանվեց։ Այդուհանդերձ, Եվրահանձնաժողովը գործնականում կիրառեց վիզային արտոնությունները վերանայելու իր ընդլայնված լիազորությունը։ Հայաստանի համար սա կարևոր նախադեպ է։ Վիզային ազատականացման արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է նաև հետագայում ապահովել եվրոպական պահանջների կատարումը։ ԵՄ քաղաքականության այս փոփոխությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են հստակ պատրաստվածություն։ Անհրաժեշտ է գնահատել Ռուսաստանից քաղաքացիության դիմումների հնարավոր աճը, ապահովել անձնագրային համակարգի ամբողջական վերահսկելիությունը և արագացնել վիզային ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները։ Հայաստանն այսօր ունի եվրոպական ազատ տեղաշարժի հասնելու քաղաքական հնարավորություն։ Սակայն փոխվում են այդ հնարավորությունը ստանալու և պահպանելու պայմանները։ Նոր կանոնակարգը կարող է Եվրամիությանը տալ սահմանափակումներ կիրառելու ավելի լայն իրավական գործիքներ, իսկ Հայաստանի առաջընթացը շարունակելու է գնահատվել պետական կառավարման կոնկրետ արդյունքներով։ Հայկական անձնագրի արժեքը կախված է լինելու նաև Հայաստանի պետական համակարգի նկատմամբ եվրոպական վստահությունից։ Այդ վստահությունը ձևավորվում է ստուգելի փաստաթղթերով, արդյունավետ սահմանային վերահսկողությամբ և կատարված պարտավորությունների որակով։ Դրանց ձախողման գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիները՝ սեփական ճանապարհորդության հնարավորություններով։



