Երուսաղեմի հայկական թաղամասը հայ ժողովրդի պատմական ներկայության ամենահին և արժեքավոր վկայություններից է։ Դարեր շարունակ փոխվել են կայսրություններ, սահմաններ ու իշխանություններ, իսկ հայկական պատրիարքությունը պահպանել է իր տեղը քրիստոնեական աշխարհի սրտում։ Այսօր Երուսաղեմում հայկական դարավոր ներկայությունը նոր սպառնալիքների առջև է, և ամերիկյան դիվանագիտության ուշադրությունը դրա պահպանմանը կարող է միջազգային քաղաքական նշանակություն հաղորդել։ Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Ռայլի Բարնսը և Սուրբ Աթոռում ԱՄՆ դեսպան Բրայան Բըրչը, Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են Հայոց պատրիարքարան և հանդիպել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Օրակարգում եղել են պատրիարքարանի առջև ծառացած միանգամայն առարկայական խնդիրներ՝ Երուսաղեմի քաղաքային իշխանությունների սահմանած «Առնոնա» գույքահարկը, հրեա ծայրահեղականների կողմից քրիստոնյա հոգևորականների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու քրիստոնեական համայնքների անվտանգության հարցերը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը կարևոր քաղաքական ազդակ է. Երուսաղեմի հայկական ժառանգության և համայնքի ապագան հայտնվում է միջազգային դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Խոսքը պատմական ժառանգության պահպանման և հայկական ներկայության ապագայի մասին է։ Երուսաղեմում հայկական ներկայությունը շուրջ տասնյոթդարյա պատմություն ունի։ Հայկական թաղամասն իր եկեղեցիներով, ձեռագրատներով, կրթական ու հոգևոր հաստատություններով մեր ժողովրդի պատմական հիշողության անբաժանելի մասն է։ Դրա վտանգումը սպառնալիք է հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը և Երուսաղեմի պատմամշակութային ինքնությանը։ Վերջին տարիներին հայ համայնքի առջև ծառացած սպառնալիքներն ստացել են նաև տնտեսական ու իրավական բնույթ։ Հողային սեփականության շուրջ հակասությունները, անշարժ գույքի նկատմամբ աճող ճնշումները, հոգևորականների դեմ ոտնձգություններն ու հարկային վեճերը միասին խորացնում են համայնքի անորոշությունն ու խոցելիությունը։ Դրանք վտանգում են եկեղեցական հաստատությունների ֆինանսական կայունությունը և հայկական թաղամասի երկարաժամկետ ապագան։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի «Առնոնայի»՝ գույքահարկի խնդիրը։ Երուսաղեմում դարավոր կրոնական հաստատությունների նկատմամբ հարկային քաղաքականությունը կարող է լրջորեն վտանգել դրանց ֆինանսական կայունությունն ու պատմական սեփականության պահպանումը։ Հայկական պատրիարքարանի համար այս վեճն արդեն առնչվում է համայնքի գոյատևմանն ու Երուսաղեմում հայկական ներկայության ապագային։ ԱՄՆ պաշտոնյաների այցը տեղի է ունենում նաև տարածաշրջանային ուշագրավ զարգացումների պայմաններում։ Հոկտեմբերի 18-ին նույն ամերիկյան պատվիրակությունն այցելել է Հորդանան գետի Արևմտյան ափի քրիստոնեաբնակ Թայբեհ գյուղ՝ իսրայելցի ծայրահեղական վերաբնակիչների վերջին հարձակումներից հետո։ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում հայտնվել են Սուրբ երկրի քրիստոնեական համայնքների անվտանգությունն ու կրոնական ազատությունները։ Հայկական պատրիարքարան այցելությունը պետք է դիտարկել հենց այս քաղաքական համատեքստում։ Այստեղ կարևոր է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների նոր բովանդակությունը։ Հոկտեմբերի սկզբին Հայաստանում գտնված Ռայլի Բարնսը ծանոթացել էր հայկական քրիստոնեական և ձեռագրական ժառանգությանը, այցելել Էջմիածին ու Մատենադարան։ Երկու շաբաթ անց նրա ներկայությունը Երուսաղեմի հայկական պատրիարքարանում այդ շփումներին հաղորդում է շարունակականություն։ Սա Հայաստանի համար դիվանագիտական աշխատանքի հնարավորություն է։ Երևանը պետք է Երուսաղեմի հայկական ժառանգության պահպանությունը դարձնի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Հորդանանի և Սուրբ Աթոռի հետ քաղաքական երկխոսության մշտական թեմա։ Դիվանագիտական օրակարգի հիմքում պետք է լինեն պատրիարքարանի սեփականության պաշտպանությունը, պատմական հաստատությունների բնականոն գործունեությունը, հոգևորականների անվտանգությունն ու Երուսաղեմում հայկական համայնքի հարատևության երաշխիքները։ Երուսաղեմի առանձնահատկությունը դարեր շարունակ պայմանավորված է եղել նրա կրոնական ու մշակութային բազմազանությամբ։ Այդ հավասարակշռության խախտումը վտանգավոր հետևանքներ կունենա ամբողջ քաղաքի համար։ Հայկական ներկայության պահպանումը, հետևաբար, նաև միջազգային պատասխանատվության հարց է։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կարող է արդյունավետ լինել, եթե դիվանագիտական այցելությանը հաջորդեն գործնական քայլեր՝ իսրայելական իշխանությունների հետ առարկայական քննարկումներ, հարկային վեճերի արդար կարգավորում և բռնությունների կանխարգելման հետևողական պահանջ։ Երուսաղեմում հայկական ժառանգությունն այլևս միայն անցյալի մասին հոգածության խնդիր չէ։ Խոսքը հայ ժողովրդի՝ աշխարհի կարևորագույն հոգևոր ու պատմական կենտրոններից մեկում իր տեղը պահպանելու իրավունքի մասին է։ Վաշինգտոնի այցն այդ իրավունքը միջազգային քաղաքական օրակարգում ամրապնդելու հնարավորություն է։ Երևանից պահանջվում է նախաձեռնողական դիվանագիտություն։ Երուսաղեմի հայկական թաղամասի ճակատագիրը չափազանց կարևոր է՝ այն բացառապես պատրիարքարանի հոգսը թողնելու համար։



