Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին և «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանին, ներառել է անցանկալի անձանց ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը երկիր։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ որոշման համար հիմք են հանդիսացել սոցիալական ցանցերում և համացանցային տարբեր հարթակներում նշված անձանց տարածած հայտարարությունները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված են երկրի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ։ Ադրբեջանի ԱԳՆ պնդմամբ՝ խոսքը նաև իշխանության բռնի փոփոխության, կրոնական արմատականության հիմքով բռնության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման կոչերի մասին է։ Անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել են Թուրքիայի քաղաքական, հասարակական և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ լրագրողներ, բլոգերներ, հրապարակախոսներ, կրոնական գործիչներ և քաղաքական կուսակցությունների անդամներ։ Նրանց թվում են նաև HÜDA PAR կուսակցության փոխնախագահ Յահյա Ուղրաշը, ինչպես նաև լրագրողներ և մեկնաբաններ, որոնք համագործակցում են «Yeni Şafak», «Akit TV», «TV NET» և այլ լրատվամիջոցների հետ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի դեմ ուղղված կոչերի և թշնամանք հրահրող գործունեության առնչությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն նաև հետագայում։



