Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (International Science and Technology Center) կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանի բացմանը։ Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանում նստաշրջանի անցկացումը՝ ընդգծելով, որ մեր երկիրն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում կենտրոնի կառավարման խորհրդի նիստը։ «Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ ամփոփելու համատեղ աշխատանքի արդյունքները և նախանշելու համագործակցության հետագա առաջնահերթությունները՝ հաշվի առնելով գիտության ու տեխնոլոգիաների առաջընթացը և անվտանգության ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերները։ Գիտության առաջընթացի իրական արժեքը չափվում է ոչ միայն նոր գիտելիքի ստեղծմամբ, այլև մարդու բարեկեցությանը, խաղաղությանն ու անվտանգությանը դրա ծառայեցմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ Հայաստանի գիտության զարգացման ռազմավարության հիմքում դրված այս սկզբունքը համահունչ է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությանը։ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ Հայաստանի գիտական համակարգի համագործակցության մասին՝ փաստերով Նախարարի խոսքով՝ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականից․ այս տարիներին Հայաստանում ֆինանսավորվել է շուրջ 200 գիտահետազոտական նախագիծ՝ ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ գիտական կազմակերպություններին տրամադրվել է շուրջ 4000 միավոր գիտական սարքավորում՝ մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Ներկայում կենտրոնի աջակցությամբ Հայաստանի բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում իրականացվում է շուրջ 12 նախագիծ՝ գիտատեխնոլոգիական տարբեր ուղղություններով։ Կենտրոնի աջակցությամբ շուրջ 400 հայաստանյան գիտնական մասնակցել է միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների և գիտական այլ միջոցառումների, Հայաստանում կազմակերպվել են շուրջ 100 գիտաժողովներ ու սեմինարներ, իսկ իրականացված հետազոտությունները հիմք են դարձել շուրջ 250 գիտական ատենախոսությունների համար։ Նախարարն անդրադարձել է նաև միջազգային գործընկերության գործնական արդյունքներին՝ նշելով, որ Հայաստանի գիտնականներն արտերկրի առաջատար գիտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ իրականացրել են շուրջ երկու տասնյակ համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Ճապոնիայի Ֆուկուսիմայի միջուկային ռեակտորի վթարի հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետազոտություններ։ Նախարարն ընդգծել է գիտական արդյունքների գործնական կիրառության նշանակությունը՝ նշելով, որ կենտրոնի աջակցությամբ իրականացվել են առևտրայնացման 10 նախագծեր, որոնց արդյունքում ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ։ «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գիտական համագործակցությունը կարող է նպաստել ոչ միայն գիտելիքի ստեղծմանը, այլև տնտեսական զարգացմանն ու հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովմանը»,- ընդգծել է նախարարը։ Գիտության և անվտանգության փոխկապակցվածության մասին Խոսելով գիտության և անվտանգության փոխկապակցվածության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կենսաբանական և միջուկային անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների կառավարումը և նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացումը պահանջում են գիտականորեն հիմնավորված լուծումներ և միջազգային սերտ համագործակցություն։ «Մեր համոզմամբ՝ գիտական առաջընթացը պետք է մշտապես ուղեկցվի պատասխանատվությամբ, իսկ նոր տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց խաղաղ և անվտանգ կիրառման հստակ նպատակով»,- շեշտել է նախարարը։ Հայաստանի գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ներկայացնելով 2026 թվականի հունվարին ՀՀ կառավարության հաստատած գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Դրա առանցքային նպատակներն են միջազգային մրցունակ գիտական համակարգի ձևավորումը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը, մարդկային ներուժի զարգացումը և գիտական արդյունքների գործնական կիրառության ընդլայնումը։ Ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների շարքում են արհեստական բանականությունը, կենսատեխնոլոգիաները, էներգետիկան, տիեզերական տեխնոլոգիաները և գիտատեխնոլոգիական այլ առաջատար ոլորտներ։ Վերջին հինգ տարիներին գիտության ոլորտի պետական ֆինանսավորման եռապատկման մասին Նախարարը տեղեկացրել է, որ վերջին հինգ տարիներին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է շուրջ երեք անգամ, իսկ հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման նպատակով հատկացվել է ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ծրագրերի շրջանակում 34 պետական բուհի և գիտական կազմակերպության համար ֆինանսավորման են երաշխավորվել ավելի քան 250 սարքեր ու սարքավորումներ, ինչպես նաև նախատեսվել է 165 խոշոր գիտական սարքավորման ձեռքբերում։ Որպես նշանակալի օրինակ՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Երևանի պետական համալսարանում ստեղծված գերհամակարգչային կենտրոնը՝ համալրված 72 NVIDIA H100 գրաֆիկական պրոցեսորներով։ Գիտության ոլորտում մարդկային ներուժի զարգացման մասին Անդրադառնալով գիտության ոլորտում մարդկային ներուժի զարգացմանը՝ նախարարը նշել է, որ արտերկրի գիտնականների ներգրավման ծրագրերի շնորհիվ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 գիտնական, իսկ ևս շուրջ 60 գիտնական հեռավար ղեկավարում է հայաստանյան գիտական կազմակերպություններում ձևավորված հետազոտական խմբեր և ստորաբաժանումներ։ Մրցունակ գիտական միջավայր ձևավորելու մասին Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների նպատակն է Հայաստանում ձևավորել ժամանակակից գիտական միջավայր՝ նպաստելով նոր գիտելիքի ստեղծմանն ու գործնական նշանակություն ունեցող լուծումների մշակմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գիտական համակարգում իրականացվող բարեփոխումները և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջազգային փորձն ու գործընկերային լայն ցանցը կարող են փոխլրացնել միմյանց՝ նոր հնարավորություններ ստեղծելով համատեղ հետազոտությունների և գիտատեխնոլոգիական նախաձեռնությունների զարգացման համար։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ծրագրերին՝ ընդլայնելով համատեղ հետազոտությունները, երիտասարդ գիտնականների ներգրավվածությունն ու միջազգային գործընկերային կապերը։ Գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մասին «Վստահ եմ, որ Երևանում անցկացվող այս նստաշրջանը նոր հնարավորություններ կբացի մեր գործընկերության ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների զարգացման և գիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար։ Գիտությունը կարող է դառնալ խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հզոր գործիք, երբ գիտելիքը զուգորդվում է պատասխանատվությամբ, իսկ միջազգային համագործակցությունը՝ գործնական արդյունքներով»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ղեկավարությանը և գործընկերներին երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ Նախարարը պատվիրակներին հրավիրել է մասնակցել COP17-ի շրջանակում գիտությանը նվիրված միջոցառումներին Միջոցառմանը ներկա են եղել նաև Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործադիր տնօրեն Կարինա Անգելուևան, կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ, դոկտոր Ռոնալդ Լեհմանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը: Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանը հյուրընկալելու, կենտրոնի հետ արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ ներդրված ջանքերի համար։ Ժաննա Անդրեասյանն իր հերթին միջազգային գործընկերներին հրավիրել է մասնակցելու այս օրերին Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսված՝ գիտությանը նվիրված միջոցառումներին՝ կարևորելով դրանք որպես գիտական համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի հաստատման հնարավորություն։ Նստաշրջանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է կենտրոնի գործադիր տնօրեն Կարինա Անգելուևայի հետ։ Կողմերը քննարկել են կենտրոնի գործունեության զարգացման, կառավարման համակարգի արդիականացման և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ողջունելով Կարինա Անգելուևային՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ գործընկերությունը՝ ընդգծելով կենտրոնի գործունեության մեջ ՀՀ ակտիվ ներգրավվածությունը։ Նախարարը նշել է, որ գիտության և հետազոտությունների զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են Հայաստանի գիտական ներուժի զարգացմանը, միջազգային գիտահետազոտական հարթակներում երկրի ներգրավվածության ընդլայնմանը և նոր գործընկերային կապերի հաստատմանը։ Կարինա Անգելուևան ներկայացրել է կենտրոնի գործունեության ընթացիկ զարգացումներն ու կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և համատեղ գիտահետազոտական նախաձեռնությունները զարգացնելու պատրաստակամությունը։



