Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ քվեարկել էր 1,2 միլիոն ընտրող: Այսպիսով, ընտրատեղամասերի բացվելուց հետո երեք ժամվա ընթացքում իր ձայնը տվել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 16,7%-ը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։ Նշվում է, որ սա այդ ժամի դրությամբ ամենամեծ մասնակցությունն է ընտրություններին 1981 թվականից ի վեր, երբ վարչապետի պաշտոնում վերընտրվեց Մենախեմ Բեգինը։ 2022 թվականին քվեարկության մեկնարկից հետո առաջին երեք ժամվա ընթացքում քվեարկել էր ընտրողների 15,9%-ը։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ առավոտյան 10։00-ի դրությամբ զինվորականների շրջանում ընտրություններին մասնակցությունը կազմել է 30%, մինչդեռ 2022 թվականի ընտրություններում այդ ցուցանիշը 25,7% էր։ Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են Իսրայելում 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով երկրում շուրջ 1200 մարդ զոհվեց, 250-ը՝ գերեվարվեց։ Այս հարձակումը հանգեցրեց Գազայի հատվածում Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 74 000 պաղեստինցի։



