Հոկտեմբերի 28-ի գիշերը Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ ահաբեկչական հարձակման փորձ է կատարվել։ Այս մասին Սերբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Իվիցա Դաչիչը հայտնել է սերբական RTS հեռուստառադիոալիքի եթերում։ «Կեսգիշերից կարճ ժամանակ անց անչափահասը՝ զինված երկու դանակով, հարձակվել է Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ժանդարմերիայի աշխատակցի վրա։ Թեթև վնասվածքներ ստացած ժանդարմն ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է հարձակվողին», – ասել է Դաչիչը։ Նրա խոսքով՝ Սերբիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հետևել են հարձակումն իրականացրած անձին։ Առկա տվյալների համաձայն՝ նա կապ է ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման հետ։ Դաչիչը նշել է, որ միջադեպի կապակցությամբ ամբողջ Սերբիայի կարևոր վայրերում անվտանգության ապահովման մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն աստիճան։ Դա ենթադրում է վերահսկողության ուժեղացում և ոստիկանության ուժերի ներկայության ավելացում ենթակառուցվածքային օբյեկտների և մարդկանց կուտակման վայրերի մերձակայքում։



