Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին ներգրավել կազմակերպության կազմում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրականորեն արձագանքել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գործունեությանը դիտորդի կարգավիճակով», – հայտարարել է Տոկաևը՝ ելույթ ունենալով գագաթնաժողովում։ Ղազախստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը, լինելով խոշոր տերություն, դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։ «Այդ երկրի տարածքում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ներկայում Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության բնօրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական պետությունների, այսինքն՝ մեր կազմակերպության անդամ, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին», – ընդգծել է Տոկաևը։ Թյուրքական պետությունների կազմակերպության լիիրավ անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։



