1993 թվականին հիմնադրված ռուսական «Նովայա գազետա» պարբերականը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին։ Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին ՌԴ արդարադատության նախարարությունը թերթը ներառել էր «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։ Փակման մասին հայտարարությունը հրապարակվել է պարբերականի կայքում։ Դրան նախորդել էր խմբագրությանը Մոսկվայի կենտրոնում գտնվող շենքից վտարելու մասին տեղեկությունը։ Խմբագրությունն այդ տարածքը զբաղեցրել է շուրջ 30 տարի։ ««Նովայա գազետան» սպանված է։ «Նովայա գազետան» դադարեցնում է իր գոյությունը։ Նոյեմբերի 9-ին մենք կանջատենք լույսը մեր տանը, որտեղ ապրել ենք 30 տարի։ Կանջատենք սերվերներն ու կհեռանանք»,– ասվում է պարբերականի հայտարարության մեջ։ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը նշել է, որ «օտարերկրյա գործակալների» ռեեստրում ընդգրկվելուց հետո «Նովայա գազետա»-ն չի կարողացել վերականգնել ընթերցողների նվիրատվությունների համակարգը։ Ընկերություններն ու բանկերը հրաժարվել են համագործակցել խմբագրության հետ՝ պատճառաբանելով իրենց ներքին կորպորատիվ կանոնները։ Պարբերականի փակման մասին հայտարարության մեջ ասվում է. «Խմբագրությունը վտարելու մասին նամակի հետ միաժամանակ անջատվեց նաև նվիրատվությունների համակարգը, որը մեզ հնարավորություն էր տալիս ընթերցողներից աջակցություն ստանալ։ Այսինքն՝ մեզ զրկեցին միջոցներից։ Ընդհանրապես։ Սա համակարգված գործողություն է։ Բանկերի արդարացումները, թե իրենք այդպես են վարվում՝ ելնելով ներքին կորպորատիվ կանոններից, ոչ մեկին չեն համոզի։ Սրանք արտաքին կանոններ են, որոնք սահմանվել են պետության ռեպրեսիվ ապարատի կողմից՝ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների միջոցով, որոնք ներթափանցել են յուրաքանչյուր կազմակերպություն։ Նրանք երկիրը համարում են իրենց սեփականությունը»,– ասվում է հայտարարության մեջ։



