Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կորեայում այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում գտնվող Պանմունջոմ գյուղ՝ կարճ ժամանակով կանգնելով զորանոցի հյուսիսկորեական մասում։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Մերցը հիշեցրել է 36 տարի առաջ տեղի ունեցած Գերմանիայի վերամիավորման մասին։ «Հուսանք, որ մի օր Կորեան նույնպես հնարավորություն կունենա վերականգնելու իր պետական միասնությունը», – ասել է նա լրագրողների հետ զրույցում։ Մերցը հավելել է, որ Սեուլ այցելության ընթացքում իրեն հարցրել են Գերմանիայի վերամիավորման փորձի մասին։ Սեուլում կայացած Գերմանական բիզնեսի Ասիա-խաղաղօվկիանոսյան համաժողովի ժամանակ կանցլերը հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ՝ խթանելու կանոնների վրա հիմնված տնտեսական կարգը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առաջատար դեր ստանձնել՝ ավելի լավ պայմաններ ձևավորելու այն ասիական երկրների համար, որոնք զգում են կանոնների վրա հիմնված առևտրային համակարգի ապակայունացման հետևանքով առաջացած ճնշումը։ «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունը սրվում է։ Մաքսատուրքերը, տեխնոլոգիական անջատման ռազմավարությունները, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հումքի և նոր տեխնոլոգիաների համար ընթացող կոշտ մրցավազքը հիմնովին փոխում են համաշխարհային տնտեսության կանոնները», – նշել է Մերցը։ «Այս հակամարտություններն ու իշխանության կառուցվածքի համակարգային փոփոխությունները մեզ բոլորիս են մտահոգում։ Դրանք հատկապես վերաբերում են Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Գերմանիայում և Եվրոպայում տնտեսական զարգացման ձգտում ունեցող գործընկերներին», – հավելել է նա։ Մինչ այս Սինգապուր և Ճապոնիա կատարած այցերի ընթացքում Մերցը հանդես է եկել հօգուտ ազատ առևտրային գործընկերությունների և ասիական տնտեսությունների հետ Եվրոպայի ավելի սերտ համագործակցության։



