Խաղաղությունը տապալելու իրավունք ոչ ոք չունի

Հայաստանի ներքաղաքական պայքարը մտել է վտանգավոր փուլ։ Երեք տասնամյակ պատերազմներից, ծանր կորուստներից և ձախողված բանակցություններից հետո խաղաղության հասնելու իրական հնարավորությունը կրկին հայտնվել է քաղաքական հակամարտությունների կիզակետում։ Այս անգամ վտանգված է Հայաստանի անվտանգության և զարգացման երկարաժամկետ հեռանկարը։ Հայաստանը հնարավորություն է ստացել Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցելու հստակ իրավական պարտավորությունների հիման վրա։ Սակայն խաղաղության ամրապնդման այս կարևոր փուլում խորհրդարանական ընդդիմության մի հատված վճռական է սահմանադրական հանրաքվեն արգելափակելու հարցում՝ վտանգելով խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարը և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գործընթացի շարունակությունը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը նախատեսում է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչում, ուժի կիրառումից հրաժարում և միջպետական հարաբերությունների հաստատում։ Սա Հայաստանի անվտանգության համար կարևոր հիմք է, սակայն խաղաղության ամրապնդումը պահանջում է համաձայնագրի ստորագրում, վավերացում և ստանձնած պարտավորությունների կատարման գործուն մեխանիզմներ։ Առանց դրանց խաղաղությունը շարունակում է կախված մնալ քաղաքական հանգամանքներից և ուժերի հարաբերակցությունից։ Հայաստանի ազգային շահերով առաջնորդվող ընդդիմությունը պարտավոր էր իշխանությունից պահանջել խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հստակ քայլեր։ Առաջնահերթ պետք է լիներ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, սահմանային անվտանգության ամրապնդումը, միջազգային գործուն երաշխիքների ապահովումը և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը՝ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության լիակատար պահպանմամբ։ Այս օրակարգի շուրջ իշխանության նկատմամբ հետևողական պահանջատիրությունը պետք է դառնար պատասխանատու ընդդիմադիր քաղաքականության հիմնական բովանդակությունը։ Սակայն խորհրդարանական ընդդիմության գործողություններն այլ առաջնահերթություն են հուշում։ Հոկտեմբերի 30-ին «Հայաստան» խմբակցությունը վերահաստատեց սահմանադրական հանրաքվեին խորհրդարանում չաջակցելու որոշումը։ Խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ անգամ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր երաշխիքները չեն փոխի այդ դիրքորոշումը։ Ընդդիմությունն իր դիրքորոշումը հիմնավորում է ընտրողներից ստացած մանդատով և Ադրբեջանի հնարավոր նոր պահանջների վտանգով։ Սակայն այդ փաստարկները չեն պատասխանում գլխավոր հարցին. խաղաղության իրավական ամրապնդման ի՞նչ իրատեսական ճանապարհ է առաջարկվում, ինչպե՞ս է ապահովվելու Հայաստանի անվտանգությունը, և ի՞նչ գին կարող է վճարել պետությունը պատմական այս հնարավորությունը կրկին կորցնելու դեպքում։ Հայաստանն արդեն անցել է նման ճանապարհով, և դրա հետևանքները չափազանց ծանր են։ 1990-ականների վերջին խաղաղ կարգավորման հնարավորությունները մերժվեցին այն համոզմամբ, որ ազատագրված տարածքների նկատմամբ վերահսկողությունը բավարար է անվտանգությունն ապահովելու համար։ Հետագա տարիներին փոխվեց ուժերի հարաբերակցությունը, Ադրբեջանն ամրապնդեց իր ռազմական և տնտեսական դիրքերը, իսկ հայկական քաղաքական ղեկավարությունը շարունակեց առաջնորդվել նախկին պատկերացումներով։ Ժամանակը սպառում էր Հայաստանի բանակցային հնարավորությունները։ 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի Արցախի հայաթափումը բացահայտեցին տասնամյակներով կուտակված քաղաքական սխալների ծանր հետևանքները։ Այս ողբերգությունը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն. պատմական հնարավորությունները կարող են կորսվել քաղաքական սխալ հաշվարկների և ուշացած որոշումների պատճառով։ Պետության անվտանգությունը պահանջում է ուժերի հարաբերակցության սթափ գնահատում, հնարավորությունների ճիշտ օգտագործում և ժամանակին որոշումներ կայացնելու կամք։ Այսօր Երևանը Ստեփանակերտ չէ։ Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգայնորեն ճանաչված պետականություն, դիվանագիտական լայն հարաբերություններ և անվտանգության նոր համակարգ ձևավորելու հնարավորություններ, սակայն տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը շարունակաբար փոխվում է։ Ռուսաստանը ձգտում է պահպանել իր ազդեցությունը, Թուրքիան ընդլայնում է քաղաքական և տնտեսական ներկայությունը, Իրանը պաշտպանում է իր ռազմավարական շահերը, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը մեծացնում են ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Հայաստանն այս փոփոխությունների պայմաններում պետք է կարողանա ամրապնդել սեփական դիրքերը և հնարավորինս նվազեցնել արտաքին կախվածությունները։ Ժամանակն այստեղ վճռական նշանակություն ունի։ Խաղաղության իրավական ամրապնդումը, սահմանների բացումը և հաղորդակցությունների վերականգնումը կարող են Հայաստանին տնտեսական զարգացման և արտաքին կապերի ընդլայնման նոր հնարավորություններ տալ։ Երկաթուղային հաղորդակցությունը, միջազգային առևտուրը և ներդրումները նաև անվտանգության նշանակություն ունեն։ Տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնումը կարող է լրացուցիչ շահագրգռվածություն ստեղծել խաղաղությունը պահպանելու համար։ Բայց այդ ամենը պահանջում է հստակ պայմանավորվածություններ, դրանց կատարման երաշխիքներ և Հայաստանի ինքնիշխան իրավունքների հետևողական պաշտպանություն։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս հարցում կրում է անմիջական պատասխանատվություն։ Հասարակությունը պետք է հստակ իմանա խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարը, Ադրբեջանի առաջադրած պայմանների նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը և միջազգային գործընկերների հետ ընթացող բանակցությունների հիմնական արդյունքները։ Խաղաղության հաստատումը պահանջում է հետևողական դիվանագիտություն, հանրային վստահություն և կոնկրետ արդյունքներ։ Առանձնապես մտահոգիչ է սահմանադրական հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդդիմությունն ունի Սահմանադրության նոր նախագծին դեմ հանդես գալու, դրա դրույթները քննադատելու և հանրությանը մերժման կոչ անելու լիարժեք իրավունք։ Սակայն հանրաքվեի անցկացումը կանխելու քաղաքականությունը շատ ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Խոսքը ժողովրդի անմիջական կամարտահայտության հնարավորության մասին է։ Այստեղ առաջանում է նաև սահմանադրաիրավական կարևոր հարց։ Ինչպե՞ս պետք է համադրվեն պատգամավորի ազատ մանդատը, խորհրդարանական ընդդիմության իրավունքները և ժողովրդի՝ հանրաքվեով որոշում կայացնելու սահմանադրական իրավունքը։ Այս հարցը պահանջում է մասնագիտական լուրջ քննարկում։ Սակայն իրավական գնահատականից անկախ՝ գոյություն ունի քաղաքական պատասխանատվություն։ Խորհրդարանական լիազորությունների օրինական կիրառումն ինքնին չի ազատում դրանց հետևանքների համար հանրության առջև պատասխան տալու պարտականությունից։ Պետության ճակատագրական հարցերում քաղաքական պատասխանատվությունը պահանջում է իրատեսական լուծումներ և դրանց հետևանքների հստակ գիտակցում։ Խաղաղության գործընթացը մերժող ընդդիմությունը պարտավոր է հասարակությանը ներկայացնել Հայաստանի անվտանգության ապահովման իր ծրագիրը, նոր պատերազմի կանխման գործուն միջոցները և բանակցությունների ձախողման հնարավոր հետևանքները հաղթահարելու ճանապարհը։ Առանց այդ պատասխանների խաղաղության դեմ քաղաքական պայքարը կարող է երկիրը կանգնեցնել հերթական ծանր կորուստների առաջ։ Այս իրավիճակում հասարակությունը պետք է վճռական պահանջներ ներկայացնի քաղաքական բոլոր ուժերին։ Իշխանությունը պարտավոր է հստակեցնել խաղաղության հաստատման ճանապարհը, ապահովել գործընթացի շարունակականությունը և հասնել իրական արդյունքների։ Ընդդիմությունը պետք է ներկայացնի Հայաստանի անվտանգության ապահովման իրատեսական ծրագիր և պատասխանատվություն ստանձնի սեփական որոշումների հնարավոր հետևանքների համար։ Երկրի ապագային առնչվող հարցերում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պարտավոր է հանրության առջև պատասխան տալ իր առաջարկած ճանապարհի և դրա հնարավոր գնի համար։ Խաղաղության հաստատումը Հայաստանի ազգային առաջնահերթությունն է։ Այն չի կարող կախված լինել կուսակցական շահերից, իշխանության համար պայքարից կամ քաղաքական գործիչների անձնական հավակնություններից։ Հանրությունը պետք է պահանջի, որ բոլոր քաղաքական ուժերն իրենց գործողությունները գնահատեն երկրի երկարաժամկետ անվտանգության և պետականության ամրապնդման տեսանկյունից։ Հայաստանի նորագույն պատմությունը ծանր դաս է տվել։ Տարիներ շարունակ հետաձգված որոշումները, սեփական հնարավորությունների գերագնահատումը և իրականության հետ հաշվի չնստելու քաղաքականությունը հանգեցրին անդառնալի կորուստների։ Պատմությունը ցույց տվեց նաև, որ կորցրած հնարավորությունները հնարավոր չէ վերադարձնել հայրենասիրական ճառերով։ Ստեփանակերտում քաղաքական սխալների, ուշացած որոշումների և անհիմն սպասումների գինը եղավ հայրենիքի կորուստը։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նույն ճակատագրական սխալները։ Մենք արդեն չափազանց թանկ ենք վճարել իրականությունն անտեսելու և պատմական հնարավորությունները մսխելու համար։ Երևանում այլևս չի կարելի պետության ապագան զոհաբերել հանուն հերթական «պատվո ճակատամարտի»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17147

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով