Միացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոնները

․ մշտական բնակության իրավունք ստանալու համար անհրաժեշտ կլինի առնվազն 10 տարի ապրել երկրում։ Ներգաղթի օրենսդրության բարեփոխումների ծրագիրը ներկայացրել է ՄԹ ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։ Անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած անձանց և փախստականների համար սպասման ժամկետը կարող է հասնել 20 կամ նույնիսկ 30 տարվա։ Ներկայումս ներգաղթյալների մեծ մասը կարող է դիմել մշտական բնակության կարգավիճակ ստանալու համար (ILR)՝ Մեծ Բրիտանիայում օրինական հիմունքներով հինգ տարի բնակվելուց հետո։ ILR կարգավիճակը (Indefinite Leave to Remain) իրավունք է տալիս անժամկետ բնակվել, աշխատել և սովորել երկրում, օգտվել պետական նպաստներից, ինչպես նաև դիմել սոցիալական բնակարան ստանալու համար։ Խորհրդարանում ներկայացված նոր ծրագրի համաձայն՝ առաջիկայում կսահմանվի 10 տարվա բազային ժամկետ՝ մշտական բնակության իրավունք ստանալու դիմում ներկայացնելու համար։ Սակայն այդ ժամկետը կարող է կրճատվել կամ երկարացվել՝ կախված ներգաղթյալի տնտեսական ներդրումից և բրիտանական հասարակությանը ինտեգրված լինելու աստիճանից։ Մասնավորապես, տարեկան ավելի քան 50 հազար ֆունտ ստերլինգ եկամուտ ունեցող անձինք կկարողանան մշտական բնակության կարգավիճակի համար դիմել հինգ տարի անց։ Իսկ տարեկան ավելի քան 125 հազար ֆունտ ստերլինգ եկամուտ ունեցող ներգաղթյալների համար այդ ժամկետը կկրճատվի մինչև երեք տարի։ Միևնույն ժամանակ, որոշ տեսակի պետական նպաստներ ստացող կամ վիզայի պայմանները խախտած անձանց համար սպասման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 20 տարի։ Նույն՝ 20 տարվա ժամկետը կգործի նաև անօրինական ճանապարհով ծովային ուղով Մեծ Բրիտանիա ժամանած այն անձանց նկատմամբ, որոնք հետագայում աշխատանք են գտել կամ սկսել են սովորել երկրում։ Բարեփոխումների ծրագրով նախատեսված փոփոխությունների ուժի մեջ մտնելու հստակ ժամկետը դեռևս չի հայտարարվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17349

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով