Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հավանաբար «Հեզբոլլահ»-ին ուղղված ուղերձում զգուշացրել է խմբավորմանը երկիրը նոր պատերազմի մեջ չներքաշել, եթե Իրանում հակամարտությունը վերսկսվի։ Ինչպես ը տեղեկանում է Լիբանանի նախագահական գրասենյակի հաղորդագրությունից, այս մասին վարչապետը նշել է նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում պաշտոնյաները քննարկել են Լիբանանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ «Տարածաշրջանում պատերազմի վերսկսման ռիսկերի ֆոնին ես կրկին զգուշացնում եմ Լիբանանին արտաքին շահերին ծառայող ևս մեկ անօգուտ արկածախնդրության մեջ չներքաշել, ինչպես նաև այնպիսի առճակատումների մեջ չներգրավել, որոնց հետևանքները երկիրը չի կարող իրեն թույլ տալ», – ասել է Սալամը։ Նա ընդգծել է, որ Լիբանանի ժողովուրդը, մասնավորապես՝ երկրի հարավի բնակիչները, արդեն իսկ մեծ գին են վճարել՝ տալով զոհեր, զրկվելով ապրուստի միջոցներից և տներից։ «Լիբանանի պաշտպանությունը ազգային պատասխանատվություն է, որը պահանջում է նրա գերակա շահերը դնել ամեն ինչից վեր և ապահովել, որ պատերազմի և խաղաղության վերաբերյալ որոշումները մնան բացառապես պետության և նրա սահմանադրական ինստիտուտների ձեռքում։ Մենք չենք ընդունի, որ Լիբանանի ժողովրդի կողմից չընտրված ճակատագիրը պարտադրվի նրանց, ոչ էլ, որ նրանց հայրենիքը կրկին վերածվի ուրիշների հակամարտությունների թատերաբեմի», – հավելել է վարչապետը։ Սալամը շեշտել է Լիբանանի ինքնիշխանությունը, ժողովրդին պաշտպանելու և ամեն ջանք գործադրելու անհրաժեշտությունը՝ նոր պատերազմը կանխելու համար։ Al Jazeera-ն հիշեցնում է, որ «Հեզբոլլահ»-ը երկու անգամ Լիբանանը ներքաշել է Իսրայելի հետ պատերազմի մեջ՝ ի աջակցություն Իրանի։ Վերջին օրերին ավելի հաճախ են շրջանառվում ենթադրություններ այն մասին, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից և Իսրայելում համընդհանուր ընտրություններից հետո հնարավոր են Իրանի ուղղությամբ ամերիկա-իսրայելական նոր հարվածներ։



