ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը մասնավոր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հանդիպումը կայացել է Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառումից հետո։ Դրան մասնակցել են Դմիտրիևը, ինչպես նաև՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ հարցեր է քննարկել Պուտինի բանագնացի հետ, սակայն նշել է, որ առաջիկայում հնարավոր է համաձայնություն ձեռք բերել՝ ուղղված Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի կարգավորմանը։ ԱՄՆ պատվիրակությունը նախատեսում է միջնորդի դեր ստանձնել նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում, որոնց կմասնակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ պատերազմը մոտենում է ավարտին , իսկ դրա ավարտին միտված համաձայնությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի վրա։ «Դա մեծածավալ համաձայնություն է լինելու, և այն կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։ Ես նույնիսկ կասեի, որ այն կարող է առնչվել ամբողջ Եվրոպային։ Դա մեծ, հիանալի համաձայնություն կլինի, և բոլորը հիացած կլինեն»,– ասել է ԱՄՆ նախագահը։



