Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Ռումինիայում մրցեց «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ բավական լարված պայքարում։ Ռումինական թիմը սեփական հարկի տակ փորձեց ակտիվ սկսել խաղը և մի քանի անգամ մոտեցավ Հայաստանի չեմպիոնի դարպասին, սակայն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանությունը գործեց վստահ։ Իսկ Հայաստանի գործող չեմպիոնը կարողացավ օգտագործել իր առաջին իսկ հնարավորությունը։ 22-րդ րոպեին Արտյոմ Մալիսը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Արարատ-Արմենիային»։ Առաջին կեսի վերջնամասում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բանսուն։ Երկրորդ կեսում թիմերը շարունակեցին փոխանակվել գրոհներով, և դրվագներից մեկում Հայաստանի չեմպիոնը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց VAR համակարգի վերստուգումից հետո, երբ պարզվեց, որ գոլի հեղինակ Սանդրո Լիման խաղից դուրս վիճակում էր։ «Ունիվերսիտատեա Կրայովա»–«Արարատ-Արմենիա»՝ 1։1։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Այն կմեկնարկի ժամը 20։00-ին։



