Աղբավայրը փակելը քիչ է․ պետք է փոխել ամբողջ համակարգը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որ աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթում արդեն կա հաղթող՝ չինական, արաբական և հայկական ընկերությունների կոնսորցիում, սովորական նորություն չի կարելի համարել՝ սա կարող է լինել Նուբարաշենի աղբավայրի խնդրի շուրջ տասնամյակներով ձգված անգործության առաջին իրական շրջադարձային իրադարձությունը։ Նուբարաշենի աղբավայրը գործում է դեռ 1960-ականների սկզբից։ ՎԶԵԲ-ի գնահատմամբ՝ այնտեղ տարիների ընթացքում կուտակվել է մոտ 6–8 միլիոն տոննա թափոն, իսկ շրջակա բնակավայրերն արդեն վաղուց ենթարկվում են աղբավայրից արտանետումների ազդեցությանը։ Դեռ 2015-ին նախատեսվում էր մոտ 26 միլիոն եվրոյանոց ծրագրով կառուցել նոր սանիտարական աղբավայր և փակել գործող Նուբարաշենի ու Աջափնյակի աղբավայրերը։ Դրանից անցել է շուրջ տասը տարի, իսկ խնդիրը դեռ լուծված չէ, հենց այդ պատճառով այսօր կարևոր չէ միայն այն, որ «հաղթող կա», կարևոր է՝ ինչ լուծում է ընտրվել։ Ի՞նչ տեխնոլոգիա է առաջարկվում։ Աղբը տեսակավորվելո՞ւ է դեռ հավաքման փուլում, թե՞ արդեն գործարանում։ Ի՞նչ է արվելու սննդային և մյուս թաց օրգանական թափոնների հետ։ Վերամշակվող նյութերը առանձնացվելո՞ւ են։ Մնացորդային թափոնը այրվելո՞ւ է էներգիա ստանալու համար։ Ինչպե՞ս են վերահսկվելու արտանետումները։ Եվ վերջապես՝ Նուբարաշենի արդեն կուտակված միլիոնավոր տոննաների հասնող թափոնների հետ ի՞նչ է լինելու։ Սրանք տեխնիկական մանրամասներ չեն, սրանք հենց նախագիծն են։ Չինաստանի մասնակցությունն այս իմաստով հետաքրքիր է։ Երկիրը վերջին տասնամյակում քաղաքային աղբի կառավարումը վերածել է ամբողջական արդյունաբերության՝ տեսակավորում, հավաքում, վերամշակում, այրում և էներգիայի արտադրություն։ 2025-ի վերջին Չինաստանում գործում էր 1,137 աղբի այրման կայան՝ օրական շուրջ 1.18 միլիոն տոննա հզորությամբ, իսկ մի շարք խոշոր շրջաններում չտեսակավորված կենցաղային աղբի ուղղակի թաղումն արդեն փաստացի վերացվել է։ Չինաստանը մինչև 2030 թվականը նպատակ ունի քաղաքային կենցաղային թափոնների օգտագործման ու վերամշակման մակարդակը բարձրացնել ավելի քան 76 տոկոսի։ Բայց չինական փորձը միայն այրումը չէ։ Նինբոյում, օրինակ, սննդային թափոնը առանձնացվում է աղբի մյուս տեսակներից և ուղարկվում թթվածնազուրկ մշակման՝ կենսագազ ու այլ օգտակար արտադրանք ստանալու համար։ Համաշխարհային բանկի աջակցությամբ կառուցված համակարգը հենց սկզբից միավորել է աղբի տեսակավորումը, առանձին հավաքումը և օրգանական թափոնի մշակումը։ Էմիրությունների փորձն այլ ուղղություն է ցույց տալիս ։ Դուբայի Warsan կենտրոնը տարեկան կարող է մշակել շուրջ երկու միլիոն տոննա քաղաքային աղբ և այն վերածել էլեկտրաէներգիայի՝ ապահովելով ավելի քան 135 հազար տան պահանջարկին համարժեք հզորություն։ Դուբայը միաժամանակ հայտարարում է աղբավայրերից հրաժարվելու և շրջանաձև տնտեսության անցնելու ռազմավարություն։ Այսինքն՝ երկու երկրների փորձն էլ ծայրաստիճան օգտակար է. ժամանակակից քաղաքը աղբը այլևս չի դիտարկում որպես մի բան, որը պետք է հնարավորինս հեռու տանել բնակչությունից։ Աղբը հումք է, էներգիա է, վերամշակվող նյութ է, իսկ միայն վերջին մնացորդն է՝ թաղման ենթակա թափոն։ Հենց այս տրամաբանությունը պետք է բերվի Երևան։ Պետք չէ նաև տարվել միայն մեկ տեխնոլոգիական լուծմամբ։ Թաց օրգանական աղբի համար կարող է արդյունավետ լինել կենսագազի արտադրությունը, չոր վերամշակվող նյութերի համար՝ տեսակավորումն ու վերամշակումը, որոշ պլաստիկների համար նույնիսկ կան ճանապարհաշինության մեջ օգտագործման փորձեր։ Բայց վերջին տարբերակի բնապահպանական հետևանքների վերաբերյալ դեռ կան լուրջ հարցեր՝ մասնավորապես միկրոպլաստիկի և նյութերի արտահոսքի պատճառով։ Ուստի Երևանի ընտրությունը պետք է լինի ոչ թե «ամենանոր» տեխնոլոգիան, այլ Հայաստանի աղբի կազմին, կլիմային, տնտեսությանը և բնապահպանական չափանիշներին համապատասխան ամբողջական ցիկլը, համակարգը ։ Այստեղ ամենամեծ սխալը կլինի խնդիրը դարձնել միայն Երևանի հարց։ Եթե Երևանը վերջապես ստանա հաջող մոդել, այն պետք է դառնա Հայաստանի համար օրինակ՝ Գյումրիից մինչև Վանաձոր, Սևանից մինչև մարզային փոքր քաղաքներ։ Հայաստանը փոքր երկիր է, և չի կարող իրեն թույլ տալ տասնյակ տարբեր, անկառավարելի աղբավայրեր և ամեն համայնքում առանձին սխալներ։ Նուբարաշենը պարզապես տհաճ տեսարան չէ։ Այն տասնամյակների ընթացքում կուտակված բնապահպանական պարտք է՝ օդի, հողի, ստորերկրյա ջրերի և մարդկանց առողջության նկատմամբ։ Ուստի Ավինյանի հայտարարության կարևորությունն իրական է։ Բայց իրական գնահատականը պետք է տալ ոչ թե նրանով, թե ովքեր են կոնսորցիումի անդամները կամ որքան հանդիսավոր կբացվի գործարանը, այլ նրանով, թե ինչ արդյունք կտա ընտրված լուծումը։ Վերջնական չափանիշը մեկն է՝ Հայաստանը շարունակելո՞ւ է պարզապես կուտակել ու թաղել իր աղբը, թե՞ վերջապես կստեղծի այն մշակելու, վերամշակելու և նվազեցնելու ժամանակակից համակարգ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12889

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով