Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT

ԱՄՆ հետախուզական ծառայությունները պարզել են, որ Սինգապուրում գործող տվյալների կենտրոնների ընկերության չինացի բարձրաստիճան ղեկավար Ալիս Հուանգը, որը սերտ կապեր է ունեցել Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ, տեղեկություններ է փոխանցել Պեկինին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։ Հրապարակման համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը կասկածել է, որ Ալիս Հուանգը նպաստել է Չինաստանին՝ շրջանցելու առաջադեմ արհեստական բանականության չիպերի հասանելիության սահմանափակումները։ Հետագայում ԱՄՆ պաշտոնյաները եզրակացրել են, որ նա աշխատել է որպես Չինաստանի հետախուզության աղբյուր և տեղեկություններ փոխանցել Պեկինին։ Հետախուզական տվյալների համաձայն՝ Ալիս Հուանգը սերտ հարաբերություններ է հաստատել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի հետ, ինչը մտահոգություն է առաջացրել Սպիտակ տանը։ Վերջինս կարևոր դեր ունի ԱՄՆ տեխնոլոգիական քաղաքականության հարցերում և սերտ հարաբերություններ է պահպանում նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ NYT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մոտ մեկ տարի առաջ Թրամփին տեղեկացրել են հետախուզական բացահայտումների մասին, սակայն նա որոշել է որևէ քայլ չձեռնարկել։ Պարբերականի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահը մտահոգված է եղել Nvidia-ի չիպերի վաճառքը խաթարելու և Չինաստանի հետ առևտրային հարաբերություններն ավելի բարդացնելու հնարավորությամբ։ Հրապարակումը հիմնված է հետախուզական հսկողության արդյունքներին ծանոթ անձանց, պաշտոնյաների, ոլորտի ղեկավարների և վերլուծաբանների հետ հարցազրույցների վրա։ Աղբյուրները խոսել են անանունության պայմանով, քանի որ տեղեկությունները վերաբերում են գաղտնի հետախուզական տվյալներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով