Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Էրդողանի խոսքով՝ կողմերը մտքեր են փոխանակել Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման շուրջ։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ խաղաղության հասնելու համար, սակայն վերջին շրջանում հակամարտությունը տարածվում է նաև Սև ծովի ջրային տարածք։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ քաղաքացիական նավերի վրա հարձակումները ոչ ոքի օգուտ չեն բերում, և Անկարայի համար անընդունելի են՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացնում։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է բանակցությունները հակամարտության կողմերի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով, և այդ հարցով բանակցելու է նաև Ռուսաստանի հետ։ Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում գործողությունը չդադարեցրած թուրքական ընկերությունները զգալի ներդրում կունենան երկրի վերականգնման գործում։ Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են վճռական քայլեր, իսկ Ռուսաստանը պետք է հստակ ազդակներ ստանա բոլոր մակարդակներում, քանի որ խաղաղությանը այլընտրանք չկա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր ագրեսիայով դեռ 2014 թվականից բարդացնում է իրավիճակը Սև ծովում։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Էրդողանի հետ քննարկել են մի շարք գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի կարգավորմանը։ Զելենսկին հայտնել է նաև, որ պայմանավորվել են աշխատել Սև ծովում «հացահատիկային միջանցքի» գործունեության շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստվում է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով հանդիպման, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի առաջին կեսին։



