Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ՝ արտաքին սպառնալիքներից ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ընկերության ղեկավարներից մեկին և այլ աղբյուրների։ Պարբերականի տեղեկություններով՝ «Ռոստելեկոմն» արդեն բանակցություններ է վարում «Նորիլսկի նիկելի» հետ՝ նման կենտրոններից մեկը ստեղծելու շուրջ։ Սերվերների ստորգետնյա տեղադրումը կարող է պաշտպանել դրանք ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլև որոշ հրթիռային հարվածների հետևանքներից։ «Նորիլսկի նիկելն» ունի ստորգետնյա շինարարության և հանքավայրերի անվտանգության ապահովման փորձ։ «Ռոստելեկոմը» դիտարկում է ենթակառուցվածքների պաշտպանության երեք մակարդակ։ Առաջինը նախատեսում է պահուստային կենտրոնների ստեղծում, որտեղ կպահվեն հիմնական սերվերների տվյալների կրկնօրինակները։ Երկրորդը ենթադրում է հաշվողական հզորությունների բաշխում աշխարհագրորեն հեռու գտնվող մի քանի կենտրոնների միջև, իսկ երրորդը՝ տվյալների կենտրոնների տեղադրում ստորգետնյա տարածքներում։ Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը հաստատել է անօդաչու թռչող սարքերից և օդային այլ սպառնալիքներից տվյալների կենտրոնների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ։ Դրանց թվում է նաև սարքավորումները ստորգետնյա տարածքներում տեղադրելու տարբերակը։ Առաջարկությունները մշակվել են «Յանդեքսի» և «Սբերբանկի» տվյալների կենտրոնների ուղղությամբ ուկրաինական անօդաչուների հարձակումներից հետո։ Ավելի վաղ ռուսական ուժերը նույնպես հարվածներ էին հասցրել Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններին։



